Մատչելի հղումներ

Բայդենը փորձում է իր շուրջը համախմբել Կոնգրեսի դեմոկրատներին


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն

ԱՄՆ օրենսդիրներն այս շաբաթ վերադարձան մայրաքաղաք Վաշինգտոն` հուլիսի 4-ի՝ Միացյալ Նահանգների անկախության օրվա առթիվ կարճատև արձակուրդից հետո, և հատկապես դեմոկրատ կոնգրեսականների շրջանում կարևոր է դարձել նախագահական պայքարում Ջո Բայդենի հետագա մասնակցության նպատակահարմարության հարցը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի համար այս շաբաթը, թերևս, ծանր է, քանզի Դոնալդ Թրամփի հետ հայտնի հեռուտաբանավեճից հետո, դեմոկրատ կոնգրեսականների մոտ հարցեր են առաջացել, թե արդյոք իրենց կուսակիցն ի վիճակի է մրցել հանրապետականների թեկնածուի հետ:

«Նա պարզապես պետք է հեռանա, քանի որ չի կարող հաղթել»,- ասում է դեմոկրատ կոնգրեսական Մայք Քուիգլին։

Քուիգլին Կոնգրեսի այն դեմոկրատներից է, որոնք հրապարակավ իրենց մտահոգությունն են հայտնել, թե արդյոք Բայդենի առողջությունը կների նրան ևս չորս տարի ծառայել Սպիտակ տանը, չնայած դեմոկրատ օրենսդիրների մեծամասնությունը շարունակում է աջակցել ԱՄՆ ներկայիս նախագահին:

«Նախագահ Բայդենն է թեկնածուն է, և մենք աջակցում ենք դեմոկրատ թեկնածուին, որը կհաղթի Դոնալդ Թրամփին։ Այսինքն, սա է փաստը»,- նշում է դեմոկրատ կոնգրեսական Փիթեր Ագիլարը։

Սպիտակ տունը հայտարարել է, որ Թրամփի հետ հեռուստաբանավեճի ժամանակ Բայդենի նման հանդես գալը «ժամանակավոր վրիպում էր»:

Կոնգրեսի որոշ դեմոկրատներ պնդում են՝ Բայդենը պետք է վստահեցնի, թե կարող է հաղթել Թրամփին
please wait

No media source currently available

0:00 0:02:23 0:00

«Նա վատ գիշեր է անցկացրել: Մենք խոսել ենք այդ մասին։ Նա հասկանում է մարդկանց մտահոգությունները։ Դրսում [բազմաթիվ միջոցառումներ ենք անցկացրել], ինչպես նախորդ ամիսներին։ Դուք տեսել եք նրա աշխատանքը ամեն օր»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քըրին Ժան-Պիեռը։

Սակայն դիտորդների խոսքով, Բայդենն այլևս չի կարող սահմանափակվել միայն ամերիկացի օրենսդիրներին սիրաշահելով․ պետք է աշխատի ընտրողների հետ:

«Նա պետք է լսի նրանց մտահոգությունները: Պետք է ազնիվ լինի նրանց հետ, թե ինչ պարտավորություններ ունի և ինչ ծրագիր՝ այդ պարտավորություններն ի կատար ածելու: Նա նաև PR-ի խնդիր ունի: Կարևոր է նշել, որ դեմոկրատները, [դմոկրատ] օրենսդիրները դժգոհ են սեփական թեկնածուից, բայց ավելի կարևոր է, եթե ընտրողները հանձինս նրա չտեսնեն կենսունակ [թեկնածուի]»,- ասում է Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի ներկայացուցիչ Քեյսի Բուրգաթը։

ԱՄՆ Ներկայացուցիչների տան հանրապետականների խոսքով, Սպիտակ տան ներկայիս վարչակազմի պաշտոնյաները պետք է մտածեն սահմանադրական լրացումներն օգտագործելու մասին, ինչը թույլ կտա երկրի փոխնախագահին զբաղեցնել անգործունակ նախագահի աթոռը:

«Այլևս կասկած չկա, որ Ջո Բայդենը չի կարող լինել մեր գլխավոր հրամանատարը։ Բայդենը, Սպիտակ տունը, Ներկայացուցիչների տան ծայրահեղ ձախ դեմոկրատները և առանցքային լրատվամիջոցները խառնաշփոթի մեջ են, քանզի գիտեն՝ դա ճիշտ է»,- ասում է հանրապետական կոնգրեսական Էլիզ Ստեֆանիկը:

Ինչևէ, քանի դեռ Սենատի մեծամասնության՝ դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը հաստատակամ է Բայդենին աջակցելու հարցում, խիստ անհավանական է գնահատվում, որ Քամալա Հարիսը կարող է փոխարինել Ջո Բայդենին։

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը պաշտոնապես ընտրելու է երկրի նախագահի իր թեկնածուին օգոստոսի կեսերին կայանալիք համագումարում:

XS
SM
MD
LG