Ըստ լրատվամիջոցների, Իսրայելի բանակը օդային հարվածներ է հասցրել Նուսեյրաթ և Խան Յունիս քաղաքներին, զոհվել է առնվազն վեց մարդ, մի քանիսը վիրավորվել են։ Associated Press-ի համաձայն, ութ մարդ է զոհվել Դեյր ալ-Բալահում՝ տան ուղղությամբ ավիահարվածի հետևանքով։ Ընդ որում, այն գտնվում է Իսրայելի սահմանած «մարդասիրական անվտանգ գոտում», որտեղ պաղեստինցիներին ապաստան է խոստացված:
Երեքշաբթի թիրախավորվել է նաև Աբասան բնակավայրի «Ալ-Աուդա» դպրոցը:
Իսրայելական ռազմուժի համաձայն, թիրախավորել են «Համասի» զինյալներն ու ենթկառուցվածքները՝ հավելելով, որ ուսումնասիրում են հաղորդագրությունները, թե օդային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են տուժել:
«Համասի» վերահսկողության ներքո գտնվող Գազայի առողջապահության ծառայության տվյալներով, շաբաթ օրը իսրայելական հարվածների հետևանքով 16 մարդ է զոհվել Գազայի կենտրոնական մասում գտնվող Նուսեյրաթ քաղաքում՝ ՄԱԿ-ի հովանու ներքո գործող «Ալ-Ջավանի» դպրոցում, որտեղ մոտ 2 հազար մարդ էր պատսպարվել:
Հաջորդ օրը Գազայի հյուսիսում գտնվող «Սրբազան ընտանիք» դպրոցին հասցված հարվածից զոհվել էր չորս մարդ: Երկուշաբթի իսրայելական կողմը հարվածել էր Նուսեյրաթում ՄԱԿ-ի հովանու ներքո գործող մեկ այլ դպրոցի․ հոսպիտալացվել էին մի քանիսը:
Երկուշաբթի նախազգուշացմամբ հանդես եկավ «Համասը», թե նման հարձակումները կարող են վտանգի տակ դնել հրադադարի շուրջ բանակցությունները:
Մտահոգություն է հայտնել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակը՝ անդրադառնալով նաև Իսրայելի կողմից իրականացվող պաղեստինցիների տեղահանությանը։
«ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակը բազմիցս մտավախություն է հայտնել, քանի որ Իսրայելի պաշտպանության բանակի՝ տարհանման մասին հրամանները հաճախ մարդկանց ուղղորդում են այն տարածքներ, որտեղ շարունակվում են Իսրայելի պաշտպանության բանակի ռազմական գործողությունները: Կրկնում ենք մեր կոչը Իսրայելին՝ ձեռնարկել բոլոր ջանքերը՝ Գազայում խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու համար»,- ասված է գործակալության հայտարարությունում:
Պատերազմը Գազայում հանգեցրել է զանգվածային սովի․ ՄԱԿ
Սովը տարածում է գտել ողջ Գազայում՝ երեքշաբթի Ժնևում նման հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ-ի փորձագետների խումբը՝ որպես օրինակ բերելով երեք երեխայի մահերը՝ 6 ամսական, 9 տարեկան և 13 տարեկան:
«Բոլոր երեք երեխաներն էլ մահացել են թերսնումից և համապատասխան առողջապահական խնամքի բացակայությունից։ Կասկած չկա, որ սովը հյուսիսային Գազայից տարածվել է դեպի կենտրոնական և հարավային մասեր»,- ասված է խմբի հայտարարությունում:
Փորձագետները ընդգծում են՝ նշվածը վկայում է, որ Գազայում առողջապահական և սոցիալական կառույցները ենթարկվել են հարձակման և քայքայված են:
«Երբ առաջին երեխան մահանում է թերսնումից և ջրազրկումից, անհերքելի է, որ սով է սկսվել»,- ասում են փորձագետները։
Խումբը կոչ է արել միջազգային հանրությանը առաջնահերթություն տալ հումանիտար օգնության առաքմանը, վերջ դնել Իսրայելի կողմից իրականացվող շրջափակմանը և հաստատել հրադադար:
Հրադադարի շուրջ բանակցությունները կվերսկսվեն այս շաբաթ
Եգիպտոսի, Իսրայելի և Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունների բարձրաստիճան ներկայացուցիչները չորեքշաբթի պետք է հանդիպեին Կատարում՝ քննարկելու հրադադարի հաստատմանն ուղղված բանակցությունները:
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսը բանակցություններ կվարի Եգիպտոսի գլխավոր հետախուզական ծառայության ղեկավար Աբբաս Քամաելի և Իսրայելի հետախուզության ղեկավար Դեյվիդ Բարնեայի հետ։
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբիի փոխանցմամբ, Բըրնսը և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ բանագնաց Բրեթ ՄըքԳըրքը երկուշաբթի Կահիրեում բանակցություններ են վարել Եգիպտոսի, Իսրայելի և Հորդանանի գործընկերների հետ:
Հիշեցնենք, որ մերձավորարևելյան ներկայիս հակամարտությունը ծագեց, երբ անցած տարվա հոկտեմբերի 7-ին «Համասը» արյունալի գրոհ ձեռնարկեց հրեական պետության դեմ՝ սպանելով 1 200 իսրայելցու, պատանդ տանելով մոտ 250-ին։ Իսրայելի ներկայացմամբ, տակավին «Համասի» ձեռքում են 116 պատանդներ, որոնցից 42-ը սպանված են: Հոկտեմբերի 7-ի գրոհին հետևեցին իսրայելական ռազմուժի պատասխան գործողությունները, որոնց հետևանքով, ըստ պաղեստինյան կողմի, Գազայում առ այսօր զոհվել է ավելի քան 38 հազար հոգի։