ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը ամենօրյա ճեպազրույցում անդրադարձել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին։
«Մենք շատ հուսով ենք, որ նորմալացման գործընթացը արդյունք կտա։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը և երկկողմ մի շարք հարցերի կարգավորումը շատ դրական ազդեցություն կունենան ոչ միայն երկու երկրների, այլև ողջ տարածաշրջանի համար»,-ասել է նա։
Հիշեցնենք, Միացյալ Նահանգների մայրաքաղաքում հուլիսի 10-ին ՆԱՏՕ-ի կազմավորման 75-ամյակին նվիրված գագաթաժողովի շրջանակներում կայացավ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
Հանդիպման սկզբում կարճ խոսքով հանդես եկավ պետքարտուղար Բլինքենը, ով ողջունեց Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին՝ շեշտելով, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը շատ կարևոր աշխատանք են կատարել բանակցությունների և երկարակյաց ու արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ, որը բացառիկ հնարավորություններ կստեղծի երկու երկրների, տարածաշրջանի և Միացյալ Նահանգների հետ իրենց հարաբերությունների համար: «Այս գործընթացի ընթացքում Միացյալ Նահանգները Եվրամիության և Եվրոպայի բազմաթիվ գործընկերների հետ միասին ձգտել է օգնել և աջակցել [գործընթացին]»,- ասել է պետքարտուղարը: