Մատչելի հղումներ

Վաշինգտոնում Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնվել են շարունակել բանակցությունները


 Կայացավ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը
 Կայացավ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը

Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում հուլիսի 10-ին ՆԱՏՕ-ի կազմավորման 75-ամյակին նվիրված գագաթաժողովի շրջանակներում կայացավ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

Կայացավ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

Հանդիպման սկզբում կարճ խոսքով հանդես եկավ պետքարտուղար Բլինքենը, ով ողջունեց Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին՝ շեշտելով, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը շատ կարևոր աշխատանք են կատարել բանակցությունների և երկարակյաց ու արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ, որը բացառիկ հնարավորություններ կստեղծի երկու երկրների, տարածաշրջանի և Միացյալ Նահանգների հետ իրենց հարաբերությունների համար: «Այս գործընթացի ընթացքում Միացյալ Նահանգները Եվրամիության և Եվրոպայի բազմաթիվ գործընկերների հետ միասին ձգտել է օգնել և աջակցել [գործընթացին]»,- ասել է պետքարտուղարը:

Ըստ Բլինքենի՝ այսօր հնարավորություն է ստեղծված վերագնահատելու ձեռք բերված առաջընթացն ու կենտրոնանալու պահպանվող հարցերի վրա:

«Հենվելով այն բոլոր շփումների վրա, որ ունեցել ենք, այդ թվում՝ վերջին շաբաթների ընթացքում՝ ես կարծում եմ, որ երկու երկրները շատ մոտ են վերջնական համաձայնության հասնելուն, որը Միացյալ Նահանգները վճռականորեն կաջակցի»,- ասել է պետքարտուղարը:

Նա շնորհակալություն է հայտնել արտգործնախարարներին հանդիպման առիթով, որն, ըստ Բլինքենի, հնարավորություն կտա գնահատել անցած ուղին ու հասկանալ, թե «հավելյալ ինչ կարող է անել Միացյալ Նահանգները, որպեսզի օգնի ձեզ [կողմերին] հասնել համաձայնության»:

Հանդիպման ավարտից հետո կողմերը հրապարակեցին նույնանման մամլո հաղորդագրություններ: Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները երախտագիտություն հայտնեցին ԱՄՆ պետքարտուղարին հանդիպումը հյուրընկալելու համար։ Հաղորդագրության համաձայն՝ «կողմերը նշել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պատմական պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից գրանցված առաջընթացը և համաձայնել են շարունակել աշխատանքները»,- ասված է հանդիպումը ամփոփող հաղորդագրության մեջ:

XS
SM
MD
LG