Չինաստանի խորհրդարանի հերթական նստաշրջանի մեկնարկին հայտարարվել են հավակնոտ տնտեսական նպատակներ, և չնայած երկրի առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերներին, նման մոտեցումը, կարծես, կոչված է վստահություն է ներշնչել Պեկինի քաղաքական վերնախավին:
Վարչապետ Լի Ցիանը հայտարարել է այս տարի շուրջ 5% տնտեսական աճ գրանցելու նպատակի մասին․ «Այս տարի նման նպատակներին հասնելը դյուրին խնդիր չի լինելու և պահանջում է կենտրոնացված քաղաքականություն, ջանքերի կրկնապատում և բոլորի համատեղ աշխատանքը»:
Գաղտնիք չէ, որ Չինաստանի տնտեսական աճը դանդաղել է՝ անշարժ գույքի շուկայում առաջացած ճգնաժամի և օտարերկրյա ներդրումների նվազման պատճառով:
Սակայն նստաշրջանի ընթացքում, կարծես, գերիշխում է լավատեսությունը․ առերևույթ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը խոչընդոտներ չունի երկրում իր ծրագրերը կյանքի կոչելու համար:
Նախորդ տասնամյակներում ձևավորված ավանդույթի համաձայն, Չինաստանի վարչապետը նստաշրջանի ավարտին պատասխանում էր լրատվամիջոցների հարցերին: Այս անգամ, սակայն, ավանդույթը խախտվեց:
«Սա հնարավորությունների պատուհան է միջազգային լրատվամիջոցների համար՝ օգտվելու վարչապետի ուղիղ խոսքից... ։ Իրականում, շատերի համար անսպասելի էր [ավանդույթի չեղարկումը]»,- ասում է Սինգապուրի ազգային համալսարանի ներկյացուցիչ Լիմ Թայ Վեյը:
Դիտորդների ներկայացմամբ, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը շարունակում է իր շուրջը կենտրոնացնել իշխանությունը՝ գլխավորապես զբաղվելով ազգային անվտանգության հարցերով, ինչը որոշ օտարերկրյա ընկերությունների մոտ մտահոգություն է առաջացրել:
Չինաստանի կողմից հայտարարված նպատակներին հասնելը ոգևորություն կառաջացնի ներդրողների շրջանում՝ գտնում է Լիմը․ «Անցած տարի [տնտեսական աճը] նույնպես 5% էր։ Երկու տարի անընդմեջ 5%-ոց աճը նշանակում է կայուն վերականգնում կորոնավիրուսից հետո՝ համեմատած 2022 թվականի հետ, երբ աճը 3% էր։ Սա այն է, ինչ ցանկանում է ասել Չինաստանի կառավարությունը»:
Պեկինում նաև հայտարարեցին, թե մտադիր են մոտ 7%-ով ավելացնել պաշտպանական ծախսերը, ինչը, փաստորեն, ավելին է, քան ծրագրված տնտեսական աճը:
Սպասվում է, որ Չինաստանի ղեկավարները այս շաբաթվա վերջին քննարկելու են նաև երկրի արտաքին քաղաքական հարցերը:
Հոդվածը պատրաստվել է Բիլլ Գալոյի նյութի հիման վրա