Ամերիկացի ու չինացի բարձրաստիճան դիվանագետները Պեկինում «անկեղծ և արդյունավետ» բանակցություններ են վարել և պայմանավորվել՝ բաց պահել հաղորդակցության ուղիները՝ խուսափելու լարվածության աճից:
Այս մասին այսօր հայտարարել են պաշտոնական աղբյուրները։
Պետքարտուղարի՝ Արևեյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի հարցերով օգնական Դանիել Կրիտենբրինկը ամերիկացի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, ով այցելեց Չինաստան այն բանից հետո, երբ փետրվարի սկզբին՝ ԱՄՆ տարածքում խոցված չինական լրտեսական օդապարիկի պատճառով լարվածությունը երկու երկրների միջև սկսեց թափ հավաքել:
Միջադեպից հետո ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հետաձգեց Չինաստան նախատեսված իր այցը։
Չինաստանի արտգործնախարարությունը հայտնել է, որ Կրիտենբրինքը և փոխարտգործնախարար Մա Չժաոսունը «անկեղծ և արդյունավետ զրույց են ունեցել՝ չին-ամերիկյան հարաբերությունների բարելավման և տարաձայնությունները պատշաճ կերպով լուծելու վերաբերյալ»:
ԱՄՆ պետքարտուղարությունը նույնպես նշել է, որ երկու պաշտոնյաները «անկեղծ և արդյունավետ քննարկումներ են ունեցել՝ որպես հաղորդակցության բաց ուղիները պահպանելու և երկու երկրների միջև բարձր մակարդակի դիվանագիտական վերջին շփումները զարգացնելու շարունակական ջանքերի մի մաս»: