Մատչելի հղումներ

Ադրբեջանի ռազմական գործողության և շրջափակման հետևանքով այս պահին ընթանում է Ղարաբաղի հայերի զանգվածային գաղթ. Պետեր Ստանո


ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակ Պիտեր Ստանո
ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակ Պիտեր Ստանո

ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակ Պիտեր Ստանոն հանդես է եկել հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղից հայության տեղահանման և մարդասիրական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին

«Սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողության և դրան նախորդած Լաչինի միջանցքի ամիսներ շարունակված շրջափակման պատճառով այս պահին տեղի է ունենում Ղարաբաղի հայերի զանգվածային գաղթ», հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակ Պիտեր Ստանոն իր հայտարարության մեջ՝ նշելով, որ մարդիկ լքում են իրենց տները Լեռնային Ղարաբաղում և ապաստան գտնում Հայաստանում:

Ըստ նրա՝ անհրաժեշտ է անհետաձգելի, շարունակական, անխոչընդոտ մարդասիրական աջակցություն ցուցաբերել նրանց, ովքեր դեռ կարիքի մեջ են Ղարաբաղում, ինչպես նաև նրանց, ովքեր հեռացել են։ Եվրամիությունը աջակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատանքին, որը նպաստում է վիրավորների, ինչպես նաև հիվանդների շտապ տարհանմանը և տեղում շտապ օգնության տրամադրմանը, ասել է Ստանոն:

Ստանոն տեղեկացրել է Եվրահանձնաժողովի կողմից հավելյալ 5 միլիոն եվրոյի մարդասիրական օգնության տրամադրման մասին՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանվածներին և Ղարաբաղում խոցելի իրավիճակում հայտնված խմբերին օժանդակելու համար:

«ԵՄ-ն և նրա անդամ երկրները պատրաստ են լրացուցիչ մարդասիրական օգնություն տրամադրել։ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում ղարաբաղցի հայերի իրավունքները և անվտանգությունը ապահովելու համար, ներառյալ՝ առանց ահաբեկման և խտրականության իրենց տներում արժանապատիվ ապրելու, ինչպես նաև տեղահանվածների վերադարձի իրավունքը։ Կարևոր է, որ ՄԱԿ-ի առաքելությունը կարող լինի մուտք գործել տարածք հաջորդ օրերի ընթացքում: Եվրամիությունն ի գիտություն է ընդունել հատուկ հարթակի միջոցով հայ բնակիչների գրանցման գործընթացի մեկնարկի մասին Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունը։ ԵՄ-ն կշարունակի ուշադիր հետևել տեղում ընթացող զարգացումներին», - նշված է հաղորդագրության տեքստում։

XS
SM
MD
LG