Մատչելի հղումներ

Վաշինգտոնը վճռական է ԼՂ-ում տիրող իրավիճակի շուրջ միջազգային առաքելության ստեղծման հարցում


 ԼՂ-ից շարունակվում է մարդկանց տեղահանումը
ԼՂ-ից շարունակվում է մարդկանց տեղահանումը

ԱՄՆ ցանկանում է ԼՂ-ում տիրող իրավիճակի շուրջ միջազգային առաքելություն ձևավորել, իսկ ԼՂ-ից շարունակվում է մարդկանց տեղահանումը: Ի՞նչ ակնկալել գալիք բանակցություններից Երևանի ու Բաքվի միջև, ինչպե՞ս են արևմտյան տերություններն արձագանքել  ճգնաժամին: Քննարկում են վերլուծաբանները

Սեպտեմբերի 28-ին ԱՄՆ պետքարտուղարոթյան ամենօրյա ճեպազրույցում մամլո խոսնակ Մեթյու Միլլերը կրկին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին՝ ընդգծելով Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների ապահովությունը և հումանիտար կարիքները հոգալու կարևորությունը: Խոսնակը հավելել է նաև, որ հարցի շուրջ միջազգային առաքելություն է իրականացվում՝ շեշտելով՝ ԱՄՆ կառավարությունը բավական լուրջ է վերաբերվում ԼՂ-ում տիրող իրավիճակի շուրջ միջազգային առաքելությանը. «Մենք այնքան լուրջ ենք վերաբերվում միջազգային առաքելությանը, որ պետքարտուղարը ( Էնթոնի Բլինքենը) բարձրացրել է այս հարցը Ադրբեջանի նախագահի հետ զրույցի շրջանակներում»:

Ըստ խոսնակի, Ադրբեջանի հայտարարությունն այն մասին, որ նրանք աջակցում են միջազգային առաքելություն իրականացնելու որոշմանն արվել է ԱՄՆ-ի այդ հարցի շուրջ հետևողականության շնորհիվ:

ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսը, ով օրերս է վերադարձել Հայաստանից, Ամերիկայի ձայնի հայկական ծառայության հետ զրոյցոմ ևս ընդգծում է հումանիտար օգնության ու միջազգային դիտորդական առաքելության կարևորությունը. «Անհապաղ մարդասիրական օգնության անհրաժեշտությունը միանգամայն ակնհայտ էր, ինչպես նաև միջազգային դիտորդների առկայությունը: Պետք է տեղյակ լինենք, թե իրականում ինչ է կատարվում այնտեղ՝ Լեռնային Ղարաբաղում։ Լսում ենք Ադրբեջանի կառավարությունից, որ ամեն ինչ լավ է, տեսնելու ոչինչ չկա, և եթե դա, իրոք, այդպես է, ապա միջազգային դիտորդներ ուղարկելով՝ պետք է համուզվենք, որ այդպես է: »

Ժամանակն է, որ Եվրամիությունն Ադրբեջանի հետ շատ ավելի կոշտ խոսի. Թոմաս դը Վաալ
please wait

No media source currently available

0:00 0:05:34 0:00

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղից շարունակվում է հայ ազգաբնակչության արտահոսքը: Սեպտեմբերի 28-ի դրությամբ, ըստ Հայաստանի կառավարության տվյալների, Հայաստան է տեղահանվել արդեն մոտ 80 հազար մարդ:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության («USAID») ղեկավար Սամանթա Փաուերը, ով օրերս գտնվում էր տարածաշրջանում, հայտարարել է Հարավային Կովկասում աղետների արձագանքման թիմ տեղակայելու մասին, որը պետք է համակարգի ԱՄՆ-ի մարդասիրական ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված ճգնաժամի առնչությամբ: Նա նաև տեղեկացրել է 11,5 միլիոն դոլարի հավելյալ մարդասիրական օգնության տրամադրելու մասին՝ «աջակցելու Հարավային Կովկասի այն համայնքներին, որոնք տուժել են շարունակվող ճգնաժամից:»

Վերլուծաբան Սթեֆան Բլանկը անբավարար է գնահատում Միացյալ Նահանգների ու ԵՄ ջանքերը՝ հումանիտար ծանր իրավիճակը կանխելու համար:

«Ադրբեջանը պատճառ չունի արգելափակելու [հումանիտար միջանցքը], քանի որ հայերը հեռանում են ոչ թե նրա համար, որ Ադրբեջանը նրանց ստիպում է, այլ հեռանում են խուճապի պատճառով, թե ինչ կարող է, ամենայն հավանականությամբ, անել Ադրբեջանը: Բավարար ջանքեր չգործադրվեցին նման իրավիճակից խուսափելու համար։ Մարդասիրական օգնության, միջանցքների և այլնի կոչերը հաճելի են, սակայն այժմ արդեն ուշ է որևէ բան փոխելու համար»:

Բլանկը շեշտում է՝ Լեռնային Ղարաբաղի հայության հետ տեղի ունեցածը նման է «հաջողված էթնիկ զտմանը»:

«Ցավոք, Լեռնային Ղարաբաղի հայերն այսօր վերապրում են ճիշտ այն, ինչ վերապրել են ադրբեջանցիների տարիներ առաջ, երբ Հայաստանը հաղթանակ տարավ [շրջանի համար պատերազմում]։ Պետք է հիշել, որ այն ժամանակ 700.000 ադրբեջանցի փախստական կար: Այնպես որ, սա պայմանավորված է նրանով, որ որևէ մեկը իրոք բավական լուրջ չի վերաբերվել այս խնդրին և չի փորձել քաղաքական լուծում տալ»,- գտնում է Բլանկը:

Վերլուծաբան Ֆիլիպ Գամաղելյանի կարծիքով՝ խնդիրը այն է, որ այս տարածաշրջանում բացակայում է բանակցելու մշակույթը, և կողմերը շահագրգռված չեն հակամարտությունների լուծման այլընտրանքային տարբերակներ փնտրելու մեջ, բացի բռնությունից: Մինչ ղարաբաղյան երկրորդ պատերազմը, գերիշխողը Հայաստանն էր, որը հրաժարվում էր գնալ զիջման անգամ Ղարաբաղից դուրս ընկած տարածքների հարցում՝ անտեսելով այնտեղ բնակեցված ադրբեջանցիների իրավունքները: Այժմ հաղթանակը Բաքվին է, որը ոչինչ չարեց 2020 թվականի պատերազմից հետո՝ որևէ տեսակի պայմաններ ստեղծելու համար, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը կարողանար խաղաղ ապրել, պնդում է նա:

«Այսպիսով, այստեղ կիրառվող հիմնական մեթոդը իրականում բռնություն է, ամբողջական էթնիկ զտում: Հաշվի առնելով այն հետագիծը, որը մենք ունենք, կարծում եմ, որ Ղարաբաղում մնալը հայերի համար էկզիստենցիալ սպառնալիք է: Այնտեղ մնալով բռնապետական ռեժիմի հետ, որը մինչ այժմ ոչինչ չի արել իրենց հետ խաղաղ գոյակցության համար, մեծ ռիսկ է, որը չեմ կարծում, որ մարդիկ կարող են իրենց թույլ տալ»,- նշում է նա:

Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսվող հնգակողմ հանդիպման մասին՝ Գերմանիայի, Ֆրանսիայի ու ԵՄ առաջնոդների մասնակցությամբ, Գամաղելյանը չի ակնկալում որևէ փաստաթղթի ստորագրում ՝ հաշվի առտնելով ինը ամսվա բանակցային գործընթացի սառեցումն ու բռնությունների վերջին ալիքը: Ըստ նրա, սակայն, բրյուսելյան ձևաչափը ամենագործուն է, որը միտված է կարգավորմանը, ի տարբերություն վաշինգտոնյան ու մոսկովյան ձևաչափերի, որոնց նպատակն էր, ըստ Գամաղելյանի, տարածաշրջանում իրենց վերահսկողության կամ ազդեցության ընդլայնումը: «Կարևոր հարցն այն է, թե արդյոք նրանք կկարողանան կրկին հունի մեջ գցել բանակցային գործընթացը: Դա կլինի լավագույն արդյունքը: Առանց ուղիղ երկխոսության, երրորդ կողմի՝ ԱՄՆ-ի կամ ՌԴ-ի միջոցով հաղորդակցման որևէ կայունության կամ լուծման չենք հանգել մինչ այժմ, ուստի հուսով եմ, որ բանակցությունները կվերսկսվեն»:

Իր հերթին, Carnegie Europe կայքում լույս տեսած հոդվածում վերլուծաբան Թոմաս դը Վաալը կարծիք է հայտնել, որ հարձակվելով Ղարաբաղի վրա՝ Ադրբեջանի նախագահը կորցրել է եվրոպացիների վստահությունը։ «Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական ուժ կիրառեց՝ գրավելով Լեռնային Ղարաբաղի հայաբնակ տարածքը, այդպիսով հատելով Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից գծված կարմիր գիծը», գրում է հեղինակը՝ շեշտեով, որ Բրյուսելում և Վաշինգտոնում շատերը ցնցված են և իրենց խաբված են զգում Ադրբեջանի կողմից ուժի կիրառման պատճառով:

Ըստ նրա՝ այն փաստը, որ արևմտյան տերությունները անակնկալի են եկել Բաքվի նախաձեռնած հարձակումից, ուժեղացնում է ենթադրությունը, որ «Ալիևն իր ռազմական գործողությունը նախապես համաձայնեցրել է Մոսկվայի հետ»:

«Կարճ ասած՝ ժամանակն է, որ Եվրամիությունը Ադրբեջանի հետ շատ ավելի կոշտ խոսի», եզրափակում է դե Վաալը։

Նմանատիպ

XS
SM
MD
LG