Մատչելի հղումներ

Ըստ Բրյուսելի՝ Գրանադայի հանդիպմանը Երևանը և Բաքուն պետք է հաստատեն իրենց հանձնառությունը միմյանց տարածքային ամբողջականության հարցում


Ադրբեջանի, ԵՄ ու Հայաստանի դրոշեր
Ադրբեջանի, ԵՄ ու Հայաստանի դրոշեր

Եվրամիությունը ուշադիր հետևում է բոլոր զարգացումներին և ներգրավված է եղել ամենաբարձր մակարդակով՝ օգնելու մեղմացնել ռազմական գործողությունների ազդեցությունը խաղաղ բնակչության վրա:

Այս մասին ասվել է Բրյուսելում Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի և ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հանդիպմանը, որին մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Շոլցի դիվանագիտական խորհրդականները, ինչպես նաև Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կլաարը։

«Նախագահ Միշելի բարձր հովանու ներքո նրա դիվանագիտական խորհրդականներ Սայմոն Մորդյուն և Մագդալենա Գրոնոն հյուրընկալել են Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Շոլցի դիվանագիտական խորհրդականներ Էմանուել Բոննը և Յենս Պլոետները, ինչպես նաև Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Նախագահ Միշելը միացել է հանդիպման մասնակիցներին՝ մտքերի կարճ փոխանակման համար»,- ասված է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մամլո քարտուղարի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ԵՄ-ը մասնակիցներին հրավիրել է մտքեր փոխանակել տեղերում առկա իրավիճակի և տեղի բնակչության անհետաձգելի կարիքների բավարարմանն ուղղված տարբեր ջանքերի շուրջ:

«Եվրամիությունը ուշադիր հետևում է բոլոր զարգացումներին և ներգրավված է եղել ամենաբարձր մակարդակով՝ օգնելու մեղմացնել ռազմական գործողությունների ազդեցությունը խաղաղ բնակչության վրա: ԵՄ-ն այս համատեքստում կրկնել է իր դիրքորոշումն անցյալ շաբաթ Ադրբեջանի ռազմական գործողության վերաբերյալ»,- ասվում է հայտարարությունում:

Հաղորդագրությունում ասվում է, որ Հիքմեթ Հաջիևը խոսել է Ադրբեջանի կողմից մարդասիրական օգնություն ցուցաբերելու և տեղի բնակչությանը անվտանգության ապահովման ծրագրերի մասին:

«ԵՄ-ն ընդգծել է միջազգային մարդասիրական կազմակերպությունների և իրավապաշտպանների համար թափանցիկության և հասանելիության, ինչպես նաև Ադրբեջանում ԼՂ հայերի ապագայի վերաբերյալ Բաքվի տեսլականի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու անհրաժեշտությունը: ԵՄ-ն օգնություն է ցուցաբերում ղարաբաղահայությանը»,- նշվում է հրապարակման մեջ։

Ըստ հայտարարության՝ հանդիպումը նաև հնարավորություն է տվել մասնակիցների միջև կարծիքների ինտենսիվ փոխանակում իրականացնել EPC-ի երրորդ գագաթնաժողովի շրջանակներում առաջնորդների հնարավոր հանդիպման վերաբերյալ, որը նախատեսված է 2023 թվականի հոկտեմբերի 5-ին Գրանադայում:

«Մասնակիցներն ի գիտություն են ընդունել Հայաստանի և Ադրբեջանի համատեղ շահագրգռվածությունը՝ օգտվելու Գրանադայում հնարավոր հանդիպումից՝ կարգավորման իրենց ջանքերը շարունակելու համար:

Այս առումով Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը բանակցություններ են վարել առաջիկա հնարավոր հանդիպմանը Հայաստան-Ադրբեջան խաղաղ գործընթացն առաջ մղելու հնարավոր կոնկրետ քայլերի շուրջ, ինչպիսիք են սահմանների դելիմիտացիայի, անվտանգության, կապի, հումանիտար հարցերի և ավելի լայն խաղաղության պայմանագրի հարցերը:

Անհրաժեշտ են կոնկրետ գործողություններ և վճռական փոխզիջումային լուծումներ կարգավորման գործընթացի բոլոր ուղղություններով»,- ասված է հաղորդագրությունում:

ԵՄ-ն կարծում է, որ Գրանադայում հնարավոր հանդիպումը պետք է օգտագործվի ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի կողմից տարածքային ամբողջականությանը և միմյանց ինքնիշխանությանը իրենց հանձնառությունը հրապարակայնորեն հաստատելու համար՝ ավելի վաղ Պրահայում և Բրյուսելում ձեռք բերված համաձայնությունների համաձայն:

Հոդվածում օգտագործվել են «ArmenPress» գործակալության նյութեր

XS
SM
MD
LG