Մատչելի հղումներ

Դեռ վաղ է «Վագների» ապստամբության հետևանքների վերաբերյալ եզրակացություններ անել․ Վաշինգտոն


Երկուշաբթի Սպիտակ տունը հայտարարել է, թե դեռ վաղ է եզրակացնել, թե ինչ ազդեցություն կունենա նախորդ շաբաթվա ավարտին Ռուսաստանում բռնկված զինված ապստամբությունն ուկրաինական պատերազմի և ընդհանրապես՝ միջազգային հարաբերությունների վրա:

Անցած հանգստյան օրերին «Վագներ» խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինը կարգադրեց իր զինյալներին կանգ առնել Մոսկվայից ընդամենը 200 կիլոմետր հեռավորության վրա և ընդունեց Կրեմլի առաջարկը՝ մեկնել Բելառուս:

Նման քայլը կարող էր նրա և վարձկանների վերջը լինել։

Թե ինչ է այս ամենը նշանակում Վաշինգտոնի համար, այլ պատմություն է:

Երկուշաբթի նոր հարցեր ծագեցին:

«Օրակարգի ինչ-որ մի կարևոր կետի փոփոխություն տեղի չի ունեցել՝ հանգստյան օրերին կատարվածի պատճառով: Պետք է տեսնենք, թե ինչպես են իրադարձությունները ծավալվում»,- ասում է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին:

Նրա խոսքով, նախորդ շաբաթվա ավարտին Ռուսաստանում տեղի ունեցածի վերաբերյալ նախագահ Ջո Բայդենը տեղեկանում է յուրաքանչյուր ժամ: Երկուշաբթի Բայդենը հրապարակավ խոսեց.

«Մենք հստակ ասացինք, որ ներգրավված չենք: Դրա հետ կապ չունեինք։ Սա ռուսական համակարգի ներքին պայքարի մասն է»,- ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

Երկուշաբթի ունեցած ելույթում Պուտինը կարծես հարցականի տակ էր դնում վերոնշյալը.

«Հենց այսպիսի արդյունք՝ եղբայրասպանություն էին ցանկանում Ռուսաստանի թշնամիները՝ նեոնացիստները Կիևում, և՛ նրանց արևմտյան հովանավորները, և՛ բոլոր տեսակի ազգային դավաճանները»,- ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Վերլուծաբան Լեոն Արոնը «Ամերիկայի Ձայն»-ին ասել է, թե հստակ է մի բան.

«Կարծում եմ, բարեկամությունը հավանաբար ավարտված է: Հարցն այն է՝ արդյո՞ք Պուտինը կարող է ներել Պրիգոժինին: Հիմա Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն, հավանաբար, չի փռշտում՝ առանց Պուտինի հետ նախօրոք համաձայնեցնելու։ Այնպես որ, ինչ երաշխիք, որ [Պուտինը] տվել է Պրիգոժինին, գուցե, արժեք չունենա»,- ասել է «American Enterprise Institute»-ի վերլուծաբան Լեոն Արոնը:

Պրիգոժինի վարձկանները կանգ առան Մոսկվայից ընդամենը մի քանի ժամվա հեռավորության վրա:

Մայրաքաղաքի բնակիչներն ասում են, որ իրենք նույնպես մոլորված են։

«Գաղափար չունեմ։ Ես չեմ հետևում նորություններին։ Փորձում եմ չկարդալ։ Հոգ եմ տանում իմ հոգեկան առողջության մասին»,- ասում է Մոսկվայի բնակիչ Ալեքսանդրը:

Երկուշաբթի հրապարակված հայտարարության մեջ Պրիգոժինն ասել է, որ տանկեր է ուղարկել Մոսկվա՝ «մեր բողոքն արտահայտելու, ոչ թե իշխանափոխության համար»:

XS
SM
MD
LG