Թվիթերյան գրառմամբ Փադիլլան նշել է. «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը ավելի քան 100 հազար հայերի զրկել է առաջին անհրաժեշտության ապրանքներից։ Անմարդկային է և անընդունելի: Ահա թե ինչու ես հենց նոր ներկայացրեցի երկկուսակցական բանաձև, որը դատապարտում է այս շրջափակումը և կոչ անում Միացյալ Նահանգներին անհապաղ քայլեր ձեռնարկել»:
Սենատոր Մարկո Ռուբիոն ևս թվիթերյան գրառմամբ անդրադարձել է բանաձևին. «Հպարտ եմ միանալ սենատոր Ալեքս Փադելլային՝ երկկուսակցական բանաձև ներկայացնելու հարցում, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը։ ԱՄՆ-ը պետք է օգնի վերջ դնել այս հումանիտար ճգնաժամին»:
Օրենսդրական նախաձեռնությունը, մասնավորապես, կոչ է անում ԱՄՆ-ին պատժամիջոցներ կիրառել Լաչինի շրջափակման և հայերի իրավունքների խախտումների մեջ պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, ինչպես նաև հորդորում է Բայդենի վարչակազմին դադարեցնել ամեն տեսակի ռազմական օգնությունն Ադրբեջանին՝ ամբողջապես կիրառելով 907-րդ բանաձևով նախատեսված դրույթները:
Հիշեցնենք, Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական Լուիս Բոնոն այս մարտին հայտնել էր «Ազատություն» ռադիոկայանին, թե Վաշինգտոնը չի պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Բաքվի նկատմամբ՝ Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով:
«Միացյալ Նահանգները չի դիտարկում Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի շարունակական շրջափակման համար: Հիմա պատժամիջոցների ժամանակը չէ: Այստեղ եմ, որպեսզի աշխատեմ երկու կողմների հետ` խաղաղությանը նրանց մոտեցնելու համար: Պատժամիջոցները կլինեին շատ անարդյունավետ: Այս պահին դա անգամ չի էլ քննարկվում»,- հայտարարել էր ամերիկացի դիվանագետը: