ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ, USAID) ղեկավար Սամանթա Փաուերը Ներկայացուցիչների տան Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը չպետք է գոյություն ունենա բացառապես հումանիտար շարասյունների շնորհիվ:
«Մինչև անցած տարվա վերջ այնտեղ ազատ երթևեկություն կար։ Ուստի, Լեռնային Ղարաբաղ տանող ճանապարհի բացումը պարտադիր է»,- նշել է նա:
Լսումների ժամանակ կոնգրեսական Բրեդ Շերմանը հարց է բարձրացրել՝ արդյո՞ք Լեռնային Ղարաբաղի շրջափակումը ՄԶԳ-ի կողմից կարող է որակվել որպես ճգնաժամ:
Ի պատասխան՝ Փաուերը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն երկու առաքելություն է ուղարկել՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը գնահատելու համար, և հավելել, որ Արցախ օգնություն ուղարկելու համար սահմանափակ հնարավորություններ կան՝ Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով: