Միացյալ Նահանգները խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման կապակցությամբ, որն, ըստ պետքարտուղարության, խաթարում է խաղաղ գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը։ ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը։ Մենք կրկնում ենք, որ Լաչինի միջանցքում պետք է լինի ազատ և բաց տեղաշարժ և կոչ ենք անում կողմերին վերսկսել խաղաղ բանակցությունները և զերծ մնալ սահմանի երկայնքով սադրանքներից ու թշնամական գործողություններից», - նշված է ԱՄՆ պետքարտուղարոթյան փոխխոսնակ Վեդանտ Պատելի հայտարարության տեքստում։