ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կիրակի օրը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կարևորել է խաղաղ բանակցային գործընթացն ու խորը մտահոգություն հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու կապակցությամբ, որն ըստ Միացյալ Նահանգների՝ խաթարում է խաղաղ գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը: Հիշեցնենք, որ պետքարտուղար Բլինքենը նախորդ օրը զրուցել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցի մասին պետքարտուղարության հաղորդագրության մեջ ասված է.
«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ ընդգծելու համար Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցությունների կարևորությունը և խոստացել ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը։ Պետքարտուղար Բլինքենը համուզմունք է հայտնել, որ հնարավոր է հասնել խաղաղության: Նա նաև արտահայտել է Միացյալ Նահանգների խորը մտահոգությունը, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը, և ընդգծել Լաչինի միջանցքի հնարավորինս արագ վերաբացման կարևորությունն առևտրային և մասնավոր տեղաշարժի համար»,- նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, թվիթերյան գրառման միջոցով հեռախոսազրույցի մասին տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ նշելով.
«Այսօր ես խոսեցի Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ փոխանցելու իմ աջակցությունը Հայաստանի հետ խաղաղության հաստատմանն ուղղված շարունակական ջանքերին և մեր պատրաստակամությունը` նպաստելու գործընթացին։ Ես կրկնեցի ԱՄՆ-ի դիրքորոշումը, որ Լաչինի միջանցքում պետք է լինի մարդկանց և առևտրի ազատ տեղաշարժ»,- ասված է գրառման մեջ: