Բելգրադն ու Պրիշտինան Եվրամիության աջակցությամբ կարողացել են համաձայնության գալ իրավիճակի դեէսկալացիայի շուրջ
Միացյալ Նահանգները ողջունում է Կոսովոյի և Սերբիայի միջև ձեռք բերված համաձայնությունը լարվածության հետագա սրումը կանխելու միջոցների վերաբերյալ, չորեքշաբթի երեկոյան ասել է պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։
Փրայսը հավելել է, որ ԱՄՆ-ը նաև ողջունում է ԵՄ-ի հովանու ներքո Կոսովոյի և Սերբիայի միջև հարաբերությունների «անհապաղ» կարգավորման մասին համաձայնագիրը՝ այն անվանելով երկու երկրների համար «եվրոպական ապագայի հասնելու լավագույն միջոց»:
«Այսօր երկու կողմերն էլ՝ ԵՄ-ի աջակցությամբ, հսկայական քայլ են կատարել ողջ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ։ Միացյալ Նահանգները ողջունում է կառուցողական բանակցությունները և խրախուսում հետագա առաջընթացը հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ։
Չորեքշաբթի օրը Կոսովոն և Սերբիան հայտարարեցին համաձայնագրի կնքման մասին՝ վերջ տալով համարանիշների շուրջ գրեթե երկու տարվա վեճին: Արևմուտքը բազմիցս զգուշացրել էր, որ այն կարող է հանգեցնել էթնիկ հակամարտության:
«Մենք համաձայնության ենք եկել»,- թվիթերում գրել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ջոզեֆ Բորելը Բրյուսելում ԵՄ միջնորդությամբ համաձայնագրի ստորագրումից հետո։
«Ես շատ ուրախ եմ հայտարարել, որ Կոսովոյի և Սերբիայի պատվիրակությունների ղեկավարները ԵՄ-ի աջակցությամբ պայմանավորվել են միջոցների շուրջ՝ հետագա էսկալացիայից խուսափելու համար և ամբողջությամբ կենտրոնանալու իրենց հարաբերությունները կարգավորելու առաջարկի վրա»,- գրել է Բորելը։
Կոսովոն պլանավորում էր հինգշաբթի օրվանից սկսել տուգանել մոտ 10,000 էթնիկ սերբ վարորդներին, ովքեր չեն պատրաստվում դադարեցնել սերբական համարանիշներով շրջել Կոսովոյում:
«Սերբիան կդադարեցնի Կոսովոյի քաղաքների անուններով համարանիշների թողարկումը, իսկ Կոսովոն կդադարեցնի տրանսպորտային միջոցների վերագրանցման հետ կապված հետագա գործողությունները»,- գրել է Բորելը։
Բորելն ասել է, որ առաջիկա օրերին կհրավիրի երկու կողմերին քննարկելու ԵՄ առաջարկը, որին աջակցել են նաև Ֆրանսիան և Գերմանիան:
Այս տարի Պրիշտինան փորձեց պահանջել Կոսովոյում ապրող էթնիկ սերբերից փոխել իրենց հին համարանիշները, որոնք թողարկվել էին մինչև 1999 թվականը, երբ Կոսովոն դեռ Սերբիայի մաս էր: Կոսովոյի հյուսիսային հատվածի սերբերը ակտիվորեն դիմադրեցին իշխանությունների նախաձեռնությանը։
Կոսովոյում բնակվող մոտ 50 հազար էթնիկ սերբեր հրաժարվում են ճանաչել Պրիշտինայի իշխանությունը և դեռ իրենց համարում են Սերբիայի մաս:
Կոսովոյի նախագահ Վյոսա Օսմանին շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնին համաձայնությանը նպաստելու համար։