Մատչելի հղումներ

Կոսովոն մերժել է Թուրքիային արտահանձնել վերջինիս քաղաքացուն


Ուգուր Թոքսոյ
Ուգուր Թոքսոյ

Կոսովոյի դատախազությունը հետ է կանչել իր հայցը Թուրքիայի քաղաքացի Ուգուր Թոքսոյին արտաքսելու վերաբերյալ, որին Անկարան մեղադրում է 2016 թվականի հեղաշրջմանը մասնակցելու մեջ: Դատախազույունն ասում է, որ Թուրքիան չի տրամադրել հավելյալ ապացույցներ գործի վերաբերյալ: Չնայած դրան՝ Կոսովոյի դատախազությունը հայտնել է նաև, որ կարող է վերսկսել գործը, եթե Թուրքիան տրամադրի համապատասխան նյութեր:

«Ուգուր Թոքսոյը չի արտաքսվի, քանի որ Թուրքիայի կառավարությունն այդպես էլ որևէ նյութ չտրամադրեց անգամ մեր բազմաթիվ խնդրանքներից հետո: Ըստ մեղադրանքի, Ուգուր Թոքսոյը զբաղվել է Գյուլենի ահաբեկչական կառույցի համար միջոցներ հավաքելով: Ես խնդրեցի թուրքական կողմին տրամադրել մեզ որևէ վկա կամ դրամական փոխանցման ապացույց, սակայն նրանք դա չարեցին, և ինձ չմնաց որևէ այլ տարբերակ, քան հետ կանչել արտահանձնման մասին հայցը»,- ասել է դատախազ Ալի Ռեքսանը:

Ուգուր Թոքսոյը ձերբակալվել էր հոկտեմբերին Կոսովոյի արևմտյան շրջաններից մեկում Թուրքիայի Հաթայ շրջանի դատախազության խնդրանքով, որը մեղադրում է նրան վտարանդի հոգևոր գործիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ առնչվող ու Կոսովոյում գործող հասարակական կազմակերպության հետ կապ ունենալու մեջ: Հիշեցնենք, որ Անկարան մեղադրում է Գյուլենին 2016 թվականի հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ, ինչը կտրականապես հերքում է Գյուլենը:

Թոքսոյը երախտագիտություն է հայտնել Կոսովոյի կառավարությունն իր գործի արդար քննության համար և հույս հայտնել, որ Կոսովոն կբարձրաձայնի Թուրքիայում մարդու իրավունքների խախտման մասին:

«Ես այստեղ տեսա արդարադատություն և շատ երջանիկ եմ այս առիթով: Սա է իմ ցանկությունը: Թուրքիայում չկա արդարադատություն: Այնտեղ իշխում է դաժանությունն ու անարդարությունը: Կանանց և երեխաներին պահում են բանտերում: Շուրջ 50 հազար մարդ կալանավորված է, և ես ակնկալում եմ, որ Կոսովոյի ժողովուրդը կլինի ավելի զգայուն այս հարցի վերաբերյալ»,- հայտարարել է Թուրքիայի քաղաքացի Ուգոր Թոքսոյը:

Թոքսոյը Կոսովոյում բնակվող երկու այն թուրք քաղաքացիներից է, ում անունները հրապարակել էր Թուրքիայի Հաթայի շրջանի դատախազությունը և ում նկատմամբ Անկարան փորձում է հասնել արտաքսմանը: Բացի Կոսովոյից, Թուրքիայի դատախազության ցուցակում են հայտնվել Ավստրիայում, Թայլանդում, Մավրիտանիայում, Ռումինիայում և Լիտվայում բնակվող անձինք:

Թուրքիան Կոսովայի անկախության հիմնական աջակիցներից է: Այստեղ կան բազմաթիվ թուրքական ներդրումներ, ներառյալ Կոսովոյի միակ օդանավակայանում, էլեկտարական բաշխիչ ցանցերում, ինչպես նաև ճանապարհաշինության ոլորտում:

Facebook Forum

XS
SM
MD
LG