Մատչելի հղումներ

Պուտինը կրկին ստում է՝ համեմատելով Դոնբասը Կոսովոյի հետ


Ռուսաստանի Դաշնության նախագահը փորձել է շահարկել «ազգերի ինքնորոշման իրավունքի» հասկացությունը՝ պնդելով, որ Ուկրաինայի արևելքում ինքնահռչակ «ժողովրդական հանրապետությունները» կարող են գործել այնպես, ինչպես դա արել է Կոսովոն։

Վլադիմիր Պուտինը 2022 թվականի սեպտեմբերի 7-ին Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում անջատված և Ռուսաստանի կողմից աջակցվող Դոնեցկի և Լուգանսկի «ժողովրդական հանրապետությունները» ունեն անկախության իրավունք։

Պուտինն ասել է.
«Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը խոսում է ազգերի ինքնորոշման իրավունքի մասին։ Կոսովոյի ճգնաժամի ժամանակ Արդարադատության միջազգային դատարանն ընդունել է որոշում, որի համաձայն՝ եթե տարածքի որևէ հատված, երկրի մի մասը ցանկանում է հռչակել իր անկախությունը, ապա այդ հատվածը պարտավոր չէ թույլտվություն խնդրել իր երկրի կենտրոնական իշխանությունից։ Դա վերաբերում է Կոսովոյին»։

«Ինչ վերաբերում է Դոնեցկի Հանրապետությանը և Լուգանսկին, ինչո՞ւ նույնը չէ։ Ամեն ինչ նույնն է։ Եթե նրանք ունեն այդ իրավունքը, և դա ունեն ՄԱԿ-ի կանոնադրության և ինքնորոշման իրավունքի համաձայն, նրանք, օգտվելով այդ իրավունքից, հռչակել են իրենց անկախությունը», եզրակացրել է Վլադիմիր Պուտինը։

Պուտինի՝ այս կեղծ, փաստերը նենգափոխող և միջազգային իրավունքը խեղաթյուրող հայտարարության մասին մանրամասնում է «Պոլիգրաֆ» նախագծի հերթական հետաքննական նյութը։ «Պոլիգրաֆ» նախագիծը ինտերնետային ռեսուրս է, որը ստեղծվել է «Ամերիկայի Ձայն»-ի կողմից՝ համաշխարհային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում ստի և քարոզչության տարածումը կանխելու նպատակով (Polygraph.info)։

Կեղծ «ցեղասպանությունը» ընդդեմ իսկական էթնիկ զտումների

Սկսենք ակունքներից. Արևելյան Ուկրաինան և Կոսովոն էականորեն տարբերվում են։

Առնվազն 18-րդ դարից էթնիկ ալբանացիները կազմում էին Կոսովոյի բնակչության մեծամասնությունը։ Ամբողջ 20-րդ դարի ընթացքում ալբանացիները կիրառում էին ինչպես խաղաղ, այնպես էլ ռազմական միջոցներ՝ փորձելով ձեռք բերել անկախություն մի շարք սլավոնական պետություններից՝ Սերբիայից, Չեռնոգորիայից, այնուհետև Հարավսլավիայից, որի մաս էր կազմում Կոսովոն։

Ինչը չի կարելի ասել Ուկրաինայի Դոնբասի բնակչության մասին։

Համաձայն Ուկրաինայի բնակչության 2001 թվականի մարդահամարի (երկրում ամենավերջինը)՝ Դոնբասի բնակչության մեծամասնությունը էթնիկ ուկրաինացիներ են, իսկ էթնիկ ռուսները կազմում են ամենամեծ խումբը ազգային փոքրամասնությունների մեջ։ Ուկրաինայի մնացած շրջանները, բացառությամբ Ղրիմի, ունեն քիչ թե շատ նման էթնիկական պատկեր՝ ուկրաինական մեծամասնություն և նշանակալի էթնիկ ռուսական փոքրամասնություն։

Դոնբասում Ռուսաստանը վաղուց էր բորբոքում անջատողականություն, իսկ 2014 թվականին Ռուսաստանը հրահրեց ռազմական գործողություններ։ Նույն տարում, ավելի վաղ, ցնցված Կիևում ժողովրդական «Արժանապատվության հեղափոխության» հաղթանակից, որը տապալեց Ուկրաինայի ռուսամետ նախագահ Վիկտոր Յանուկովիչին, Պուտինը ապօրինաբար գրավեց և բռնակցեց Ղրիմը։

Այդ ժամանակից ի վեր Դոնբասում «ցեղասպանության» մասին պնդումները դարձել են պուտինյան ապատեղեկատվության մշտական թեման։

Դեռևս փետրվարին ռուսական «Մեդուզա» անկախ լրատվական գործակալության հետաքննող խմբագիր Ալեքսեյ Կովալյովը նկարագրել էր, թե ինչպես է Կրեմլը շարունակում նենգափոխել և կեղծել տեղեկատվությունը՝ պառակտում հրահրելու համար։

«Foreign Policy»-ի համար հոդվածում Կովալյովը հիշեցրել է.

«2014 թվականին Ուկրաինա ռուսական ներխուժման ժամանակ կեղծ լուրերի ամենահիշարժան օրինակներից մեկը “Սլովյանսկից խաչված տղան” էր՝ դիտավորյալ հրատարակված կեղծ տեղեկություն (“газетная утка”), որը ստեղծվել էր ռուսական պետական լրատվամիջոցների կողմից՝ ազգայնականորեն տրամադրված ռուսներին կատաղության հասցնելու համար ենթադրյալ հանցագործության հրեշավորության պատճառով։ Էությունն այն էր, որ ուկրաինական ուժերը, 2014 թվականի հուլիսին ռուսամետ զինյալներից հետ գրավելով Սլովյանսկը, իբր դաժան հաշվեհարդար են տեսել քաղաքի բնակիչների հետ, այդ թվում՝ 3-ամյա տղային հրապարակայնորեն մահապատժի են ենթարկել մոր աչքի առաջ…»։

«“Խաչված տղան”» ընդամենը մեկ դրվագ էր ստի, կիսաճշմարտության, խաբեության և շեղող հռետորաբանության շարքում, որոնք շուրջօրյա և առանց հանգստյան օրերի “բեռնվում էին” ռուսական հեռուստացույցներ և ռուսների բջջային հեռախոսներ ազգային հեռուստաալիքների, թերթերի, “գիտնականների” մի ամբողջ արդյունաբերության կողմից՝ սկսած 2014 թվականի սկզբից։

«Հերյուրանքների այս տարափն արեց այն, ինչի համար նախատեսված էր. այն “բնականոն դարձրեց” սովորական ռուսների [գլուխներում] Ուկրաինայի դեմ պատերազմը՝ ստեղծելով պարանոյայի և ատելության մթնոլորտ հարևան երկրի ամբողջ ժողովրդի նկատմամբ։ Դա հանգեցրեց ընտանիքների քայքայման, ոգեշնչեց բազմաթիվ ռուս տղամարդկանց զենք վերցնել և կամավոր մարտնչել այն բանի դեմ, ինչը հեռուստալուրերում և «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցի անանուն մեկնաբանություններում անվանեցին “ռուսալեզու բնակչության ջարդ” Ուկրաինայի արևելքում»։

Կոսովոյում միանգամայն այլ բան տեղի ունեցավ

Սերբիան իրոք հալածում էր ալբանացիներին։ Միջազգային դատախազները, ի վերջո, դատարանի առաջ կանգնեցրին Սերբիայի առաջնորդ Սլոբոդան Միլոշևիչին ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների համար, և նա մահացավ կալանքի տակ։ Մյուս մասնակիցները նույնպես դատապարտվեցին Միջազգային քրեական դատարանի կողմից։

Սերբիայի հարավում Կոսովոյի շուրջ հակամարտությունը սկսվել է տեղի բնակիչների խաղաղ ցույցերով ընդդեմ Միլոշևիչի և հանուն տարածաշրջանի ինքնավարության։ Դրանք վերաճեցին զինված ապստամբության՝ Կոսովոյի ազատագրական բանակի (ԿԱԲ) ձևավորմամբ, ինչը հարուցեց Միլոշևիչի և նրան աջակցող սերբերի կոշտ արձագանքը։

Համաձայն ԱՄՆ Պետքարտուղարության 1999 թվականի մայիսի զեկույցի՝

«Սերբ զինվորականները, ռազմականացված խմբավորումները և ոստիկանությունը բռնի կերպով վտարել են ավելի քան 1 միլիոն կոսովյան ալբանացիների իրենց տներից։ 1998 թվականի մարտից նրանցից մոտ 700.000-ը փախել է հարևան երկրներ, այդ թվում՝ Ալբանիա, Բոսնիա և Հերցեգովինա, Մակեդոնիայի Հանրապետություն և Չեռնոգորիայի Հանրապետություն։ Եվս 600,000 կոսովյան ալբանացիներ տեղահանվել են երկրի ներսում։ Այդ ընթացքում սերբական ուժերը իրականացրել են զանգվածային մահապատիժներ, զորակոչային տարիքի տղամարդկանց բաժանել են իրենց ընտանիքներից, բռնաբարել են կանանց և աղջիկների, ավերել են մզկիթներ ու եկեղեցիներ, բուժհաստատությունները վերածել են ռազմական հենակետերի, ինչպես նաև թալանել ու այրել են տներ և գյուղեր»։

Հալածանքների այս արշավը դրդեց ԱՄՆ-ի գլխավորած ՆԱՏՕ-ին օդային հարվածներ հասցնել՝ առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվության, որը նախկինում դատապարտել էր սերբական բռնությունները։

Պուտինը նաև վկայաբերել է այդ չարտոնված ռմբակոծությունը՝ արդարացնելու Ռուսաստանի հարձակումները Ուկրաինայի վրա, իսկ ավելի վաղ՝ Ռուսաստանի ներխուժումը հարևան Վրաստան 2008 թվականին։ Այդ կարճատև պատերազմում Մոսկվան ռուսներին պաշտպանելու պատրվակով զորքեր ուղարկեց Վրաստանից անջատված Հարավային Օսիա։

Մեկ այլ նախկին խորհրդային հանրապետություն Վրաստանի վրա հարձակումն ակնկալելի էր դարձնում Պուտինի ռազմավարությունը Ուկրաինայի նկատմամբ։ Միացյալ ծառայությունների թագավորական ինստիտուտի գիտաշխատող Նատիա Սեսկուրիան «Foreign Policy» պարբերականում գրում է, որ այժմ՝

«Պուտինն ավելի հեռուն է գնացել՝ առաջադրելով «ցեղասպանության» մեղադրանքներ՝ վկայաբերելով ինչ-որ սպանություններ, որոնք իբր տեղի են ունեցել Դոնբասում։ Ռուսաստանը հետևում է իր հայտնի սցենարին։ 2014 թվականին Կրեմլն արդարացրեց իր ռազմական հարձակումը՝ հայտարարելով, որ էթնիկ ռուսներին սպառնում են Ուկրաինայի արևելքում։ Նմանօրինակ մեղադրանքներ օգտագործվել են նաև ռուսական տեղեկատվական պատերազմի ընթացքում 2008 թվականին, երբ Կրեմլը մեղադրեց Թբիլիսիին [Վրաստանի մայրաքաղաքին] էթնիկ զտումներ իրականացնելու մեջ. մեղադրանք, որը հետագայում հանվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճռով»։

Կոսովոյի անկախությունը՝ փաստեր և կեղծիքներ

Կոսովոն Սերբիայի մաս է եղել 1913 թվականից, սակայն ուներ զգալի սահմանադրական ինքնավարություն մինչև 1989 թվականը, երբ ամեն ինչ արմատապես փոխվեց Միլոշևիչի օրոք։ Կոսովոյի խորհրդարանն արձակվեց, պետական ալբանալեզու ռադիոն և հեռուստատեսությունը փակվեցին, էթնիկ ալբանացիները հեռացվեցին պետական պաշտոններից, իսկ ալբաներենով ուսուցումը դադարեցվեց։ Եվ հենց դա դարձավ զանգվածային գործադուլների, բողոքի ցույցերի և, ի վերջո, բռնությունների պատճառ։

1991 թվականին Կոսովոյի էթնիկ ալբանական մեծամասնությունը անցկացրեց անկախության հանրաքվե և նախագահական ընտրություններ։ Թեև սերբական իշխանությունները այդ գործողություններն օրինական չճանաչեցին, իսկ Կոսովոյում բնակվող սերբական փոքրամասնությունը բոյկոտեցին դրանք, տարածաշրջանի բնակչության 87%-ը մասնակցեց քվեարկությանը, իսկ 99%-ը՝ ընտրողների ճնշող մեծամասնությունը, աջակցեց անկախությանը։

1999 թվականին, ՆԱՏՕ-ի ռմբակոծությունների արդյունքում Միլոշևիչի կապիտուլյացիայից հետո, ՄԱԿ-ը Կոսովոն հանձնեց Կոսովոյում Միավորված ազգերի կազմակերպության ժամանակավոր վարչակազմի առաքելության (UNMIK) կառավարմանը։ Մոտ մեկ տասնամյակ անց՝ 2008 թվականի փետրվարի 17-ին, Կոսովոյի խորհրդարանը միաձայն քվեարկեց Սերբիայից անկախության հռչակման օգտին։

Այդ հռչակագիրը հիմք նախապատրաստեց դատարանի որոշման համար, որը Պուտինը վկայաբերում է՝ արդարացնելու Դոնբասում Լուգանսկի և Դոնեցկի մարզերի անկախությունը, որտեղ խրամատավորվել են ռուսական զորքերը։

2008 թվականի հոկտեմբերի 8-ին Սերբիայի պահանջով Արդարադատության միջազգային դատարանը քննարկեց հետևյալ հարցը. «Արդյո՞ք Կոսովոյի ժամանակավոր ինքնակառավարման ինստիտուտների կողմից անկախության միակողմանի հռչակումը համապատասխանում է միջազգային իրավունքին»։

2010 թվականի հուլիսի 22-ին Դատարանը վճռեց, որ միջազգային իրավունքը չի արգելում այնպիսի անկախության հռչակումը, ինչպիսին Կոսովոյում էր։ Սակայն կար նաև վճռի մեկ այլ կարևոր կետ, որը Պուտինն իր հայտարարության մեջ չի հիշատակել։ Այն վերաբերում էր ինքնորոշման իրավունքի և անջատման հարցին՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության։

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հատուկ նշել է, որ չի քննարկել այդ հարցը. «Ինքնորոշման իրավունքի շրջանակի և «վերականգնողական ելքի» որևէ իրավունքի առկայության հետ կապված քննարկումները, այնուամենայնիվ, վերաբերում են պետությունից անջատվելու իրավունքին։ … Այդ հարցը դուրս է Գլխավոր ասամբլեայի կողմից առաջադրված հարցի շրջանակներից»։

Այնպես որ, Պուտինի այն պնդումը, թե Միջազգային դատարանը այդ իրավունքը վերապահել է Կոսովոյին, հետևաբար և այն պետք է տարածվի Ուկրաինայի արևելքում երկու ինքնահռչակ «հանրապետությունների» վրա, կեղծ է։

Կոսովոյի անկախության հռչակումը հակասական արձագանք է հարուցել միջազգային հանրության շրջանում։ Այսօր ՄԱԿ-ի անդամ 193 երկրներից միայն 99-ն (51%) է ճանաչում Կոսովոյի ինքնիշխանությունը Սերբիայից։ Ռուսաստանը և Չինաստանը՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ, օգտագործել են իրենց վետոյի իրավունքը՝ արգելափակելու Կոսովոյի անդամակցությունը ՄԱԿ-ին։

Բացի այդ, 2009 թվականի ապրիլի 16-ին Ռուսաստանը հայտարարել է Արդարադատության միջազգային դատարանին, որ Կոսովոյի անկախության հռչակումն անօրինական է, քանի որ խախտում է Սերբիայի տարածքային ամբողջականությունը և կարող է կյանքի կոչվել միայն գոյություն ունեցող պետության շրջանակներում։

«Կարևոր է նշել, որ ինքնորոշումը կարող է իրականացվել գոյություն ունեցող պետության շրջանակներում», այն ժամանակ հայտարարել է Ռուսաստանը։

«“Երկրի ներսում այս ինքնորոշումը», ըստ էության, նախընտրելի է հետգաղութային աշխարհում»։

Սակայն, ըստ երևույթին, «նախընտրելի» չէ Ղրիմի և Ուկրաինայի այլ մասերի համար, որոնք Ռուսաստանը ներկայումս բռնի ուժով գրավել է։

XS
SM
MD
LG