Մատչելի հղումներ

Պուտինի կեղծ «լավատեսությունը» և Ռուսաստանի տնտեսության մոտալուտ անկումը


Պատժամիջոցների մասին Պուտինի ապակողմնորոշիչ հայտարարությունը հակասում է Կրեմլի սեփական տնտեսական սցենարներին։

Վլադիվոստոկում կայացած Արևելյան տնտեսական համաժողովին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակել է հայտարարություններն առ այն, որ ուկրաինական պատերազմի հետ կապված Ռուսաստանի նկատմամբ սահմանված արևմտյան պատժամիջոցները չեն ազդել ռուսական տնտեսության վրա։

«Ռուսաստանը դիմակայում է Արևմուտքի տնտեսական, ֆինանսական և տեխնոլոգիական ագրեսիային… Տնտեսական դինամիկայի գնահատականներն ու կանխատեսումները, այդ թվում՝ ձեռնարկատերերի կողմից, այժմ շատ ավելի լավատեսական են, քան գարնան սկզբին», հայտարարել է Պուտինը համաժողովին։

Վլադիմիր Պուտինի այս կեղծ, ապատեղեկատվական հայտարարության մասին մանրամասնում է «Պոլիգրաֆ» նախագծի հերթական հետաքննական նյութը։ «Պոլիգրաֆ» նախագիծը ինտերնետային ռեսուրս է, որը ստեղծվել է «Ամերիկայի Ձայն»-ի կողմից՝ համաշխարհային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում ստի և քարոզչության տարածումը կանխելու նպատակով (Polygraph.info)։

Պուտինի հայտարարության նախօրեին Bloomberg News-ի թողարկած լուրերից տեղեկանում ենք, որ փաստացի հետևանքները, հնարավոր է, «շատ ավելի սարսափելի են», քան հրապարակայնորեն հայտարարել են Պուտինը և ռուս այլ պաշտոնատար անձինք։

Bloomberg-ը տվել է իր գնահատականը ռուսական տնտեսությունում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ հիմնվելով դեռևս օգոստոսի 30-ին ռուս պաշտոնատար անձանց դռնփակ հանդիպման համար պատրաստված գաղտնի զեկույցի եզրակացությունների վրա։ Bloomberg-ը հաստատում է այդ փաստաթղթի իսկությունը։

Զեկույցում ներկայացված են երեք սցենարներ, որոնք կանխատեսում են մինչև 2024 թվականը Ռուսաստանի ՀՆԱ-ի 12 տոկոս անկում։ Ըստ «միջինացված» սցենարի կանխատեսումների՝ մինչև 2027 թվականի վերջ տնտեսությունը չի հասնի «նախքան պատժամիջոցների սահմանման» ակտիվության մակարդակին։

Խոսելով պատժամիջոցների մասին՝ Bloomberg-ը հայտնել է. «Բացի բուն սահմանափակումներից, որոնք ընդգրկում են [երկրի] ներմուծման և արտահանման մոտ մեկ քառորդը, զեկույցում մանրամասն նկարագրվում է, թե ինչպես է Ռուսաստանը կանգնած «շրջափակման» առաջ, որն «անդրադարձել է տրանսպորտի գրեթե բոլոր տեսակների վրա», ինչն է՛լ ավելի է սահմանափակել երկրի տնտեսության [վիճակը]։ Տեխնոլոգիական և ֆինանսական սահմանափակումներն ուժեղացնում են ճնշումը։ Զեկույցում բերված հաշվարկներով՝ մոտ 200,000 ՏՏ ոլորտի մասնագետներ, հավանական է, կլքեն երկիրը մինչև 2025 թվականը, ինչը առաջին պաշտոնական կանխատեսումն է ուղեղների արտահոսքի աճի վերաբերյալ…»։

«Փաստաթուղթը կոչ է անում մի շարք միջոցներ ձեռնարկել տնտեսությանն աջակցելու և սահմանափակումների ազդեցությունը հետագայում մեղմելու նպատակով, որպեսզի տնտեսությունը վերականգնվի մինչև նախապատերազմյան մակարդակը 2024 թվականին և դրանից հետո կայուն աճի։ Սակայն դրանց թվում են ներդրումների խթանման այն նույն միջոցառումները, որոնք կառավարությունը գովազդել էր վերջին տասնամյակի ընթացքում, երբ տնտեսության աճը նշանակալիորեն կանգ էր առել նույնիսկ առանց պատժամիջոցների»։

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարը և այլ ռուս տնտեսագետներ փորձել են հերքել զեկույցի եզրահանգումները։ Նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ ռուսական տնտեսությունը «պատշաճ կերպով դիմակայում է պատժամիջոցների ճնշմանը» և հերքել է Bloomberg-ի մեջբերած սցենարները։

«[Մենք] ... միշտ դիտարկել և շարունակում ենք դիտարկել տարբեր սցենարներ։ Կա «աշխարհում գոյություն ունեցող բոլոր վախերի» սցենարը... Դրանց, կարծում եմ, պետք է վերաբերվել՝ որպես «սարսափ պատմությունների»… Մենք ևս ունենք սցենար, որ կարող ենք գերազանցել 2021 թվականի [ՀՆԱ-ի աճի] մակարդակը միայն 8 տոկոսով, և դա այդպես կլինի, եթե նույնիսկ չդիմակայենք ու ոչինչ չձեռնարկենք»։

Սա նույնպես հնարավոր է, սակայն Բլումբերգը նշել է, որ. «Բոլոր սցենարները ենթադրում են պատժամիջոցների ճնշման ավելացում, որոնց, հավանաբար, ավելի շատ երկրներ կմիանան։ Ռուսական նավթից և գազից Եվրոպայի կտրուկ հրաժարումը կարող է նաև հարվածել իր սեփական շուկան ապահովելու Կրեմլի կարողությանը, ասվում է զեկույցում։

Այս տեսակետը կրկնում է Յեյլի համալսարանի գիտնականների հուլիսյան խիստ բացասական զեկույցը, որում եզրակացություն է արվում, որ պատժամիջոցները «վնասում» են ռուսական տնտեսությանը և ստիպել են ավելի քան 1000 ընկերությունների լքել երկիրը։

Յեյլի համալսարանի բարձրագույն օղակի ղեկավարների ինստիտուտի 42 հետազոտողներից կազմված խումբը, որոնցից ոմանք Ռուսաստանից և Եվրասիայի երկրներից են, ուսումնասիրել են Պուտինի արձագանքը պատժամիջոցներին, որոնք բարձր գնահատականների չեն արժանացել՝ ելնելով դրա հիմնական կետերից.

«... Ռուսական ներքին արտադրությունն ամբողջությամբ կանգ է առել՝ չունենալով կորցրած ձեռնարկությունները, ապրանքներն ու կադրերը փոխարինելու հնարավորություն, ներքին ինովացիոն և արտադրական բազայի քայքայումը հանգեցրել է կտրուկ գնաճի…»։

«Բիզնեսների հեռանալու արդյունքում Ռուսաստանը կորցրել է ընկերություններ, որոնք ապահովում էին երկրի ՀՆԱ-ի [համախառն ներքին արդյունքի] մոտ 40%-ը»։

«Պուտինը դիմում է կանխահայտորեն անկայուն, դրամատիկ հարկաբյուջետային և դրամավարկային միջամտությունների՝ հարթելու այն կառուցվածքային տնտեսական թույլ կողմերը, որոնք վերջին տարիների ընթացքում առաջին անգամ հանգեցրել են պետբյուջեի դեֆիցիտի և մաշեցրել արտարժույթի պաշարները նույնիսկ էներգիակիրների բարձր գների պարագայում…»։

«Կրեմլյան ֆինանսները շատ ու շատ ավելի ծանր վիճակում են, քան կարծում են»։

«Ռուսաստանը չի կարող խուսափել տնտեսական անդունդից այնքան ժամանակ, քանի դեռ դաշնակից երկրները միասնական են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ճնշումը պահպանելու և ուժեղացնելու հարցում…»։

«Ինքնագոհ վերնագրերը, որոնք պնդում են, որ Ռուսաստանի տնտեսությունը կարգավորվել է, պարզապես չեն համապատասխանում իրականությանը»։

Ճիշտ է, որ Ռուսաստանը կարողացել է շարունակել նավթի արտահանումը, ինչը նվազեցրել է պատժամիջոցների ազդեցությունը։ Բացի այդ, Ռուսաստանին օգնության է հասել Չինաստանը՝ համաձայնելով գազի ու նավթի համար վճարել ռուբլով, ոչ թե դոլարով կամ եվրոյով։

Օգոստոսի վերջին Reuters գործակալության գնահատականը, որը համընկնում էր Ուկրաինայի հետ Ռուսաստանի պատերազմի վեց ամիսը լրանալու հետ, ցույց է տվել, որ ռուբլին մասամբ վերականգնվել է ներխուժմանը անմիջապես հաջորդած սկզբնական անկումից, իսկ գնաճը նվազել է, ինչպես և նշել է Պուտինն իր ելույթում Վլադիվոստոկում։

Այնուամենայնիվ, ռուս սպառողները Reuters-ին պատմել են, որ զգում են, որ գործից «վատ հոտ է գալիս».

«Պատժամիջոցների արդյունքում խանութներից անհետացել են այնպիսի սպառողական ապրանքներ, ինչպիսիք են Guinness գարեջուրը, Zara հագուստը և Nespresso սուրճի պատիճները։ Միևնույն ժանանակ, որոշ ռուսներ Reuters-ին հայտնել են, որ իրենք մեծ դժվարությամբ են հայթայթում առաջին անհրաժեշտության ապրանքներ, այդ թվում՝ որոշ դեղամիջոցներ…»։

«Ես՝ որպես թոշակառու, չեմ կարող ինձ թույլ տալ այն, ինչ առաջարկում են։ Իմ գնած ապրանքների գները բարձրացել են միջինը 30%-ով», դժգոհում է 65-ամյա թոշակառու Լարիսան՝ Ուկրաինայի հետ սահմանամերձ Բելգորոդ քաղաքից։

«Պաշտոնական տվյալներով՝ այս տարի սպառողական գներն աճել են 10,7%-ով... Սակայն, ըստ Ռոսստատ վիճակագրական ծառայության տվյալների՝ հիգիենիկ տակդիրների գները տարեսկզբից աճել են 41%-ով, արտասահմանյան մեքենաներինը՝ 39%-ով, զուգարանի թղթի համար՝ 27%-ով»։

«Ես սկսել եմ ավելի շատ ծախսել, բայց նաև ավելի շատ խնայել», ասում է 33-ամյա հրուշակագործ և երկու երեխաների մայր Տատյանա Լազարը Մոսկվայից։ Այժմ ես սահմանափակում եմ իմ ցանկությունները, կարիքները խանութներում և կենցաղում։ Ես այնքան էլ չեմ հավատում, որ գները կիջնեն»։

XS
SM
MD
LG