Մատչելի հղումներ

Բասկետբոլի ամերիկացի աստղը ռուս «լրտես-անհաջողակ» չէ


Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպանը ներկայացրել է ԱՄՆ-ում Մարիա Բուտինայի բանտարկության իր տեսակետը՝ փորձելով այն նույնացնել Ռուսաստանում դատապարտված ամերիկացի Բրիթնի Գրայների իրավիճակի հետ։

2022 թվականի օգոստոսի 4-ին ռուսաստանյան դատարանը «Ուրալի լեռնամետալուրգիական ընկերություն-Եկատերինբուրգ» ռուսական ակումբի ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ Բրիթնի Գրայներին թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքով դատապարտել է ինը տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում։

Գրայները ձերբակալվել էր փետրվարին Մոսկվայի օդանավակայանում՝ իր ուղեբեռում հաշիշային յուղի սրվակներով։ Նրա փաստաբանները բողոքարկել են դատավճիռը։ Բանակցություններ են ընթանում ազատ արձակելու Գրայներին և Ռուսաստանում անազատության մեջ գտնվող ԱՄՆ այլ քաղաքացիների՝ գերիների փոխանակման միջոցով։

Անցյալ շաբաթվա կեսերին ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը, ի պատասխան գերիների փոխանակման մասին հարցին, ուշադրություն է հրավիրել նախկինում ԱՄՆ բանտերում պահվող Ռուսաստանի քաղաքացիների վրա։

Նրանց թվում էր Կոնստանտին Յարոշենկոն, որը թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքով ԱՄՆ-ում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Այս տարվա ապրիլին ԱՄՆ-ն Յարոշենկոյին փոխանակեց նախկին ամերիկյան ծովային հետևակային Թրևոր Ռիդի հետ, որը դատապարտվել էր ինը տարվա ազատազրկման իբր «ռուս ոստիկանների վրա հարձակվելու» համար։

Կոչ անելով ազատ արձակել Գրայներին՝ Ռիդը նրա կալանավորումն անվանել է սարսափելի, իսկ Ռուսաստանի իրավական համակարգը՝ «միջնադարյան»։

Իր հերթին Անտոնովը պնդել է, որ ԱՄՆ-ն անարդարացիորեն հետապնդում է Ռուսաստանի քաղաքացիներին, ընդ որում՝ նրանց որոշ «տառապանքներ» հավասարազոր են խոշտանգումների.

«Հիշեք մեր Պետդումայի պատգամավոր Մարիա Բուտինային։ Նրան ավելի քան 18 ամիս անարդարացիորեն պահում էին բանտում՝ ենթարկելով դաժան վերաբերմունքի, ուժասպառության և խոշտանգումների։ Երբ գործը հասնում է ռուսների վրա հոգեբանական ճնշումներին, որևէ արգելքներ չկան։ Ջանք չեն խնայում՝ նրանցից խոստովանություններ կորզելու համար։ Եթե դա չհաջողվում, նրանց սպառնում են երկարաժամկետ ազատազրկումով»։

Ռուսաստանի քաղաքացու՝ ամերիկյան բանտում գտնվելու այս կեղծ նկարագրության և Ռուսաստանում ամերիկացի բասկետբոլիստի պահման պայմանների հետ նրա գործի ոչ պատշաճ համեմատության մասին ներկայացվում է «Պոլիգրաֆ» նախագծի հերթական հետաքննական նյութում։ «Պոլիգրաֆ» նախագիծը ինտերնետային ռեսուրս է, որը ստեղծվել է «Ամերիկայի Ձայն»-ի կողմից՝ համաշխարհային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում ստի և քարոզչության տարածումը կանխելու նպատակով (Polygraph.info)։

Գրայներ և Բուտինա՝ կեղծ համարժեքություն

Հարկ է հիշեցնել, որ Բուտինան ի սկզբանե հերքել է, որ իրեն խոշտանգել են ամերիկյան բանտում, և փոխել է իր կարծիքը միայն ազատ արձակվելուց և արտաքսվելուց հետո։

Երդվյալ ատենակալների դատարանի որոշմամբ, որոնք ուսումնասիրել են դատախազության կողմից հավաքված ապացույցները, Մարիա Բուտինան ճանաչվել է օտարերկրյա պետության անօրինական գործակալ։ 2018 թվականի դեկտեմբերին նա իրեն մեղավոր է ճանաչել դավադրության և Ռուսաստանի կառավարության հրահանգով գործելու մեջ։ 2019 թվականի ապրիլին ԱՄՆ Դաշնային դատարանը դատապարտել է նրան 18 ամսվա ազատազրկման։ ԱՄՆ-ում 15 ամիս բանտարկությունից հետո 2019 թվականի հոկտեմբերին Բուտինան ազատ է արձակվել և հետ ուղարկվել Ռուսաստան։

Բուտինային որպես «լրտես» ներկայացրել են լրատվամիջոցները, և դա խեղաթյուրել է իր դեմ առաջադրված մեղադրանքի ընկալումը։ Իսկ դատախազությունը հայտնել է, որ Բուտինան «չի եղել լրտես» կամ հետախուզության աշխատակից «ավանդական իմաստով, ինչը ենթադրում է գաղտնի տեղեկատվությանը հասանելիություն ստանալու փորձեր՝ հայրենիք փոխանցելու նպատակով»։

Նրան դատապարտել են «ԱՄՆ-ի քրեական օրենսգրքի 18-րդ գլխի 951-րդ բաժնի Օտարերկրյա կառավարությունների գործակալների մասին հոդվածով», որի համաձայն՝ այդպիսի գործողությունները որակվում են որպես «թեթև լրտեսություն»։ Օրենքն ուղղված է «լրտեսության կամ գաղտնի վարքագծի կամ հետախուզական ծառայության հետ այլ կերպ ապացուցված կապի, տեղեկատվության հավաքման կամ օտարերկրյա կառավարության անունից որևէ բան ձեռք բերելու գործունեության» դեմ։

Բուտինան կապեր է հաստատել ամերիկյան քաղաքական խմբերի և անհատ անձանց հետ, առաջին հերթին՝ պահպանողականների և Հրաձգային ազգային ընկերակցության (NRA)՝ Ռուսաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ, ռուս սենատոր Ալեքսանդր Տորշինի անունից, որը, ըստ իսպանացի քննիչների, ներգրավված է ռուսական մաֆիայի գործունեության մեջ։

2018 թվականի ապրիլին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Տորշինի նկատմամբ՝ նրան անվանելով ռուսական կառավարության պաշտոնյա, «որը օգուտ է քաղում պուտինյան ռեժիմից և առանցքային դեր է խաղում Ռուսաստանի չարամիտ գործունեությունը խթանելու գործում»։

Տորշինը և Բուտինան աշխատել են կապեր հաստատելու ուղղությամբ NRA-ի և Ռուսաստանում համարժեք կազմակերպության միջև, որը ստեղծել է Բուտինան 2011 թվականին՝ «Զենքի իրավունք» անվանումով։

Դատախազության պնդմամբ՝ այդ կապն օգտագործվել է «ոչ պաշտոնական ալիք» ստեղծելու համար, որը «կարող է օգտագործվել Ռուսաստանի Դաշնության կողմից՝ ներթափանցելու ԱՄՆ որոշումների կայացման ազգային ապարատ՝ Ռուսաստանի Դաշնության [քաղաքական] օրակարգը առաջ մղելու համար»։

Բուտինան շփվել է այնպիսի անձանց հետ, որոնց համարում են «ռուսական հետախուզության աշխատակիցներ» են, հայտարարել են դատախազները դատական փաստաթղթում.

ՀԴԲ-ն ստացել է էլեկտրոնային փոստ և այլ էլեկտրոնային ապացույցներ, որոնք փաստում են Բուտինայի աշխատանքը Ռուսաստանի անունից, այդ թվում՝ հանձնարարությունները, հաշվետվությունները և «ինկոգնիտո» մնալու փորձերը։ Ապացույցները հաստատում են, որ Միացյալ Նահանգներ Բուտինայի այցի նպատակը Ռուսաստանի Դաշնության շահերից բխող աշխատանքն էր։ Հաջորդիվ մի շարք վկաներ ցուցմունք տվեցին ազդեցության գործողությունների մասին, որոնք նկարագրված էին մեղադրական եզրակացության մեջ»։

Բուտինայի դեմ մեղադրանքները հաստատող ցուցմունքներում թվարկված է ավելի քան 30 դեպք, երբ Բուտինան ազդեցություն գործելու հրահանգներ է ստացել կամ գործողություններ ձեռնարկել։

Եվ նա շարունակեց աշխատել ռուսական պետության օգտին

Թեև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հերքել է, որ ճանաչում է Մարիա Բուտինային (որոշ ապացույցներ վկայում են հակառակի մասին), և Բուտինան Ռուսաստանում հայտնի անձնավորություն չէր, տուն վերադառնալուց հետո նա աշխատանք է ստացել ռուսական պետական RT հեռուստաալիքում։ Այնտեղ նա հանդես էր գալիս ռուս ընդդիմադիր ակտիվիստների կալանավորման օգտին։

Նա գիրք է հրատարակել իր սեփական բանտային փորձառության մասին և օգտագործել է իր դիրքը՝ արտերկրում ռուս բանտարկյալների շահերը պաշտպանելու համար։ Ինչպես պարզվեց, նա ցանկություն չուներ մեղադրանքներով հանդես գալու ռուսական բանտային համակարգի դեմ լուրջ խախտումների՝ ներառյալ խոշտանգումների և բռնաբարությունների համար։

2021 թվականի ապրիլին Բուտինան գաղտնի կերպով ձայնագրել է «հարցազրույցը» բանտարկված ռուս ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի հետ, որը հացադուլ էր հայտարարել իրեն բժշկական օգնություն չտրամադրելու պատճառով։ Այդ ագրեսիվ «հարցազրույցում» Բուտինան հերքել է Նավալնիի հիվանդությունները և ասել, որ բանտում նրա պահման պայմաններն ավելի լավն են, քան «տարածաշրջանային հյուրանոցում»։

2020 թվականի օգոստոսին Տոմսկից Մոսկվա թռիչքի ժամանակ Նավալնիին ռազմական դասի նյարդակաթվածահարիչ նյութով թունավորումը կապում են ռուսական հատուկ ծառայությունների հետ։ Արտերկրում բուժումից հետո Ռուսաստան վերադառնալուն պես Նավալնին անմիջապես ձերբակալվել է։

Այնուհետև Բուտինան, որպես «Եդինայա Ռոսիա» պուտինյան իշխող կուսակցության անդամ, առաջադրվել է Պետական դումայի (Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատ) պատգամավորի թեկնածու Կիրովի մարզից։ Այն բանից հետո, երբ նրան չհաջողվեց ստանալ այդ տեղը, Կիրովի նահանգապետը հրաժարվեց իր մանդատից Դումայում՝ զիջելով իր տեղը Բուտինային։

Բուտինան ընդգրկվեց Դումայի՝ միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովում, ինչն ավելի բարձրացրեց նրա հեղինակությունը։

Դեռևս 2014 թվականի հունիսին Բուտինան կոչ էր անում ռուսական զորքերը տեղափոխել Ուկրաինայի արևելք (չնայած Ռուսաստանի կողմից հերքումներին, ՌԴ զորքերը գաղտնի կերպով տեղակայվել են այնտեղ դեռևս մինչև 2022 թվականի փետրվարյան ներխուժումը)։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Բուտինայի նկատմամբ՝ փետրվարին Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման «առանցքային խթանողներից» մեկը լինելու համար։


Բանտն ինքնին «խոշտանգում» էր

Անշուշտ, Բուտինայի պնդումներն այն մասին, որ իրեն բանտում խոշտանգել են, արժանի են հետաքննման։

Poligraf.info-ն նախկինում ապացույցներ չի գտել, որ բանտում Բուտինայի պահման պայմանները տարբերվում էին ԱՄՆ քրեական արդարադատության համակարգի նորմերից։ Թեև կա կարծիք, որ մենախցում երկարատև գտնվելը հոգեբանական «խոշտանգում» է, չկա որևէ ապացույց, որ Բուտինան ենթարկվել է ֆիզիկական խոշտանգումների կամ դաժան վերաբերմունքի։ 2019 թվականի ապրիլին Բուտինան ինքը հայտարարել է, որ ամերիկյան բանտում իր նկատմամբ վերաբերմունքը խոշտանգում չի համարում։

«Խոշտանգումներ չեն եղել, բայց ինձ իսկապես երկար ժամանակ պահել են մեկուսացման մեջ», Բուտինայի 2019 թվականի ապրիլի 30-ի հեռախոսային հարցազրույցը մեջբերում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

«Առաջին 35 օրը վաշինգտոնյան բանտում, այնուհետև (երկամսյա ընդմիջումից հետո) 35 օր մեկուսացման մեջ Ալեքսանդրիայի (Վիրջինիա) բանտում, հետո ևս 38 օր։ 22 ժամ ես փակված էի միայնակ իմ խցում։ Գիշերը երկու ժամով՝ առավոտյան մեկից երեքը, ինձ ժամանակ էին տալիս լոգանք ընդունելու և հեռախոսից օգտվելու համար։ Ուրիշ ոչինչ»։

Ռուսական պետական «Россия-1» հեռուստառադիոընկերությունը այդ հեռախոսային հարցազրույցի վրա հիմնված իր հաղորդման մեջ հայտնել է, որ Բուտինան «տվյալ պահին բողոք չունի»։

Բուտինան ասել է, որ իր կյանքը ԱՄՆ-ում կալանքի տակ կարելի է բնութագրել որպես «աշխատանք, մարմնամարզություն և գրքերի ընթերցանություն»։ Նա նշել է, որ կարող էր օգտվել բանտի գրադարանում առկա ռուս գրականությունից, և որ ամերիկյան բանտում գտնվելու իր ժամանակը նա նվիրել է «անձնական զարգացմանը»։

Այնուամենայնիվ, Ռուսաստան վերադառնալուց հետո Բուտինան ռուսական պետական լրատվամիջոցներին հայտնել է, որ բանտում իր փորձառությունը եղել է խոշտանգում՝ վկայակոչելով մենախցում անցկացրած ժամանակը։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետը հայտարարել է, որ մենախցում երկարատև բանտարկությունը (ավելի քան 15 օր անընդմեջ) խոշտանգման ձև է և քննադատել է Միացյալ Նահանգներին այդ գործելակերպը չափից դուրս օգտագործելու համար։ Որոշ հետազոտություններ հաստատում են այն եզրակացությունը, որ մեկուսի բանտարկությունը կարող է երկար ժամանակով վնաս հասցնել բանտարկյալին։

Անցյալ շաբաթ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է Ռոյթերս գործակալությանը, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները «լուռ դիվանագիտություն» են վարում, որի արդյունքում Բրիթնի Գրայները կարող է ազատ արձակվել գերիների փոխանակման շրջանակներում։

Ռոյթերսի աղբյուրները հայտնել են, որ Միացյալ Նահանգներն առաջարկել է զենքի ապօրինի վաճառքի մեջ մեղադրվող Վիկտոր Բուտին փոխանակել Գրայների և նախկին ամերիկացի ծովային հետևակ Փոլ Ուիլանի հետ, որը մեղադրվում է լրտեսության մեջ և դատապարտվել է 16 տարվա ազատազրկման 2020 թվականի հունիսին։

XS
SM
MD
LG