Մատչելի հղումներ

Սերբիայի նախագահի ուղերձը ժողովրդին և հարևաններին


Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում նախագահ Ալեքսանդր Վուչիչի երդմնակալության արարողության ժամանակ տեղի են ունեցել բախումներ Վուչիչի աջակիցների և ցուցարարների միջև:

Սերբիայի նախկին վարչապետ, ներկայիս նախագահ Ալեքսանդր Վուչիչը, ով Սլոբոդան Միլոշևիչի իշխանության տարիներին զբաղեցնելով տեղեկատվության նախարարի պաշտոնը, աչքի էր ընկնում իր ծայրահեղ ազգայնական հայացքներով՝ իր վարչակազմի գլխավոր առաջնահերթություններից է համարում Սերբիայի անդամակցությունը Եվրամիությանը:

«Այո, մենք ցանկանում ենք բարելավել մեր հարաբերությունները Խորվաթիայի, Բոսնիա- Հերցեգովինայի, Ալբանիայի, Չեռնոգորիայի, Մակեդոնիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Բուլղարիայի հետ: Մենք թերահավատորեն չենք վերաբերվում որևէ մեկի, բայց թող ոչ ոք նաև հարցականի տակ չդնի խաղաղության հաստատմանն ուղղված մեր պատրաստակամությունը և ինքնապաշտպանվելու մեր ունակությունը: Թող ոչ ոք նաև չկասկածի, որ եվրոպական ուղին ընտրած Սերբիան հավատարիմ է մնում իր պատրավորություններին»:

Խորհրդարանի առջև հազարավոր աջակիցներին ուղղված իր ելույթում Վուչիչը նաև խոստացել է վերսկսել Կոսովայի ապագային առնչվող քաղաքական քննարկումները: Պաշտոնական Բելգրադը առայսօր չի ճանաչում Կոսովոյի անկախությունը: Բազմաթիվ սերբեր Կոսովոն համարում են իրենց պատմական, հոգևոր և մշակութային օրրանը:

Հիշեցնենք, որ Կոսովոն անկախություն էր ձեռքբերել Սերբիայի զինված ուժերի և էթնիկ ալբանացի ապստամբների միջև 1998-1999 թվականներին տեղի ունեցած պատերազմից մեկ տասնամյակ անց: Հակամարտության արդյունքում զոհված 13 հազար մարդկանցից 10 հազարն էթնիկ ալբանացիներ էին: Միլոշեւիչի կողմից ղեկավարվող սերբական ուժերը Կոսովոյից դուրս մղվեցին ՆԱՏՕ-ի կողմից երեք ամիս իրականացված օդային ռմբակոծություններից հետո:

XS
SM
MD
LG