Եմենի հարավային Թայիզ քաղաքում տասնյակ հազարավոր ցուցարարներ շարունակում են պահանջել նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհի հրաժարականը:
Հականախագահական կարգախոսներ վանկարկող ցուցարարները չորեքշաբթի օրը երթով անցել են դեպի քաղաքի կենտրոն, որտեղ արդեն մոտ մեկ շաբաթ շարունակվում են հակակառավարական ակտիվիստների ցույցերը:
Եմենում այս տարվա սկզբից անցկացվող ցույցերի ընթացքում տեղի ունեցած բռնություններին զոհ է դարձել ավելի քան 120 մարդ:
Նախագահ Սալեհը երեքշաբթի օրն ընդունել է Սաուդյան Արաբիայում ընդդիմության ներկայացուցիչների հետ բանակցություններ անցկացնելու հրավերը, որը նրան է ներկայացվել Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի կողմից:
Ամենախոշոր ընդդիմադիր կուսակցություններից մեկի մի պաշտոնյա հայտնել է, որ Սալեհի ընդդիմախոսները համաձայն են քննարկումների միայն այն դեպքում, եթե դրանց ընթացքում բարձրացվի «իշխանությունն անմիջապես փոխանցելու» խնդիրը: