Քլինթըն. «Իրանի հետ բանակցություններից ԱՄՆ-ը հստակ արդյունքներ է ակնկալում»

ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընն ուրբաթ օրը սակայն նշել է, որ բանակցությունները պետք է հստակ արդյունքների բերեն:

Իրանի իշխանությունները հայտնել են շաբաթ օրը Թուրքիայում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ կայանալիք բանակցությունների ընթացքում «նոր նախաձեռնություններ» ներկայացնելու մասին:

Քլինթընի համաձայն, «Մեծ ութնյակի» պետությունների արտգործնախարարները վճռական են այն հարցում, որ շաբաթ օրը մեկնարկող բանակցությունների ընթացքում Իրանը պետք է պատրաստ լինի հստակ գործողությունների դիմել միջուկային իր ծրագրի վերաբերյալ:

Իրանի պաշտոնական «ԻՐՆԱ» գործակալությունը, մեջբերելով երկրի պաշտոնական բանագնաց Սային Ջալիլին, հաղորդել է, որ Իրանի ներկայացուցիչը Թուրքիայում «նոր նախաձեռնություններով» հանդես կգա և հույս է հայտնել, որ բանակցությունների ընթացքում հնարավոր կդառնա առաջընթաց գրանցել:

Արտգործնախարար Քլինթընը սակայն նշել է, որ միջազգային հանրությունն «արդյունավետ և կայուն գործընթաց է ակնկալում»:

«Ստանում ենք ազդանշաններ այն մասին, որ բանակցությունների ընթացքում նոր գաղափարներ կներկայացվեն: Նրանք պնդում են, որ իրենց միջուկային ծրագիրը միմիայն խաղաղ նպատակներ ունի: Նշում են միջուկային զենքի ստեծման դեմ ուղղված հոգևոր գերագույն առաջնորդի կողմից արձակած հրամանագրերը: Ցանկանում ենք, որ իրենց առաջարկությունը գործով ապացուցվի՝ որ իսկապես դադարեցվել են միջուկային զենք մշակելու իրենց ծրագրերը», - ասել է արտգործնախարար Քլինթընը:

ԱՄՆ-ի պաշտոնյաների համաձայն, Իրանն ունի խաղաղ և քաղաքացիական նպատակներով օգտագործվող միջուկային էներգիա օգտագործելու իրավունք, սակայն նախ պետք է համոզիչ եղանակով փարատել միջուկային իր ծրագրերի շուրջ, մասնավորապես ուրանը 20 տոկոսից բարձր հարստացնելու վերաբերյալ միջազգային հանրության ունեցած մտահոգությունները:

«Մասնակցելով բանակցությունների՝ Իրանը պետք է լրջություն դրսևորի», - ասել է ԱՄՆ-ի արտգործնախարար Քլինթընը: