Մատչելի հղումներ

Վիեննայում շարունակվում են Իրանի և ԱԷՄԳ-ի միջև բանակցությունները


Իրանի հանձնակատար Ալի Ասղար Սոլթանիե
Իրանի հանձնակատար Ալի Ասղար Սոլթանիե

Վիեննայում այսօր մեկնարկել է Իրանի և ԱԷՄԳ-ի միջև բանակցությունների երկրորդ օրը, որոնք շարունակելուց առաջ Իրանի հանձնակատար Ալի Ասղար Սոլթանիեն որպես «շատ կառուցողական» է բնութագրել Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ ունեցած քննարկումների ընթացքը:

ՄԱԿ-ի միջուկային գործակալությունը երկուշաբթի օրը հորդորել է Իրանին տրամադրել մուտք դեպի այն վայրերը, անձինք և փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են Թեհրանի կողմից միջուկային զենք մշակելու կասկածների կապակցությամբ իրականացվող հետաքննությանը:

Իրանը ՄԱԿ-ի տեսուչներին դեռևս չի տվել Թեհրանի մոտակայքում գտնվող «Փարսամ» ռազմակայան մուտք գործելու իրավունք: Միավորված ազգերի կազմակերպության պաշտոնյաների կարծիքով, ռազմակայանում գործում են սարքեր, որոնց միջոցով Իրանն իրականացնում է պայթուցիկ նյութերի փորձարկումներ:

Արևմտյան պետությունների դիվանագետները կասկածներ ունեն, որ Իրանը փորձում է ժամանակ շահել՝ ՄԱԿ-ի տեսուչների կողմից ռազմակայան այցելությունից առաջ նման փորձերի վկայությունները ոչնչացնելու համար:

Իրանը սակայն հերքել է այս մեղադրանքները՝ «երեխայական և անհեթեթ» անվանելով դրանք:

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամներն ու Գերմանիան՝ «P5+1» անվանվող պետությունները Բաղդադում հաջորդ շաբաթ Իրանի պաշտոնյաների հետ կայանալիք հանդիպումից առաջ ուշադիր հետևում են Վիեննայում շարունակվող բանակցությունների ընթացքին:

Արևմտյան տերությունները կասկածներ ունեն, որ քաղաքացիական միջուկային ծրագրի քողի տակ Իրանը փորձում է միջուկային զենք մշակել: Թեհրանը հերքում է այս մեղադրանքները:

XS
SM
MD
LG