Մատչելի հղումներ

Աշխարհի տերությունները հորդորել են Իրանին թույլատրել մուտքը դեպի միջուկային ոլորտի ձեռնարկություններ


ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամներն ու Գերմանիան հորդորել են Իրանին անհապաղ թույլատրել մուտքը դեպի երկրում գտնվող միջուկային ոլորտի ձեռնարկությունները:

Վիեննայում կայացած հանդիպումից հետո աշխարհի վեց տերությունների կողմից հինգշաբթի օրը հրապարակված համատեղ հայտարարության համաձայն, վեճը լուծելու նպատակով Իրանը պետք է «կոնկրետ քայլերի» դիմի:

Իրանի և աշխարհի վեց տերությունների միջև բանակցությունները վերսկվել են անցյալ ամիս Ստամբուլում` ավելի քան մեկ տարի փակուղու մեջ գտնվելուց հետո: Բանակցությունների հաջորդ փուլը կայանալու է Բաղդադում մայիսի 23-ին:

Իրանի պաշտոնյաները բանակցությունների ընթացքում առաջընթաց գրանցելու հույս են հայտնել, սակայն չեն պատրաստվում զիջել, իրենց խոսքով, միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման իրենց իրավունքը:

Իրանի փոխարտգործնախարար Մոհամադ Մաջդի Ախոնդզադեհը չորեքշաբթի օրն ասել է, թե Մերձավոր Արևելքում կայունության և անվտանգության համար ամենամեծ վտանգն է ներկայացում Իսրայելի միջուկային չհայտարարված ծրագիրը: Այս հայտարարությամբ Իրանի փոխարտգործնախարարը հանդես է եկել Վիեննայում` Միջուկային զենքը չտարածելու մասին պայմանագրի վերանայմանը նվիրված հադիպման շրջանակներում:

Միջուկային զենք ունեցող Իրանը որպես վտանգ է գնահատվում Իսրայելի կողմից, քանի որ Իրանի առաջնորդները բազմիցս Հրեական պետությունը ոչնչացնելու կոչերով են հանդես եկել:

XS
SM
MD
LG