Իրանը հայտարարում է, թե սկսել է անցյալ տարի այստեղ իջեցված ամերիկյան անօդաչու հետախուզական օդանավի կրկնօրինակի արտադրություն։ Գեներալ Ամիր Ալի Հաջիզադեի խոսքերով, մասնագետները նաեւ վերականգնում են օդանավում առկա ամբողջ տեղեկատվությունը։ Հաջիզադեի խոսքերով, այդ տեղեկությունները ցույց են տալիս, որ օդանավը, Իրանի տարածք անցնելուց առաջ սավառնել է Պակիստանի օդային այն տարածքով, որտեղ դրանից երկու շաբաթ անց սպանվել էր Օսամա բին Լադենը։
Ամերիկացի մասնագետներն ավելի վաղ հայտարարել էին, որ գաղտնի տեղեկությունների վերականգնումը չափազանց դժվար է լինելու։
՝՝Վաշինգտոն փոսթ՛՛ ամերիկյան օրաթերթը երկու շաբաթ առաջ տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությանը պատկանող մեկ այլ հետախուզական օդանավ երեք տարի առաջ Իրանի տարածքով կատարել է թռիչքներ՝ նկարահանելով Քոմի ուրանի հարստացման գաղտնի հաստատությունը։ Դրանից հետո, ըստ նույն թերթի, իրականացվել են տասնյակ թռիչքներ Իրանի օդային տարածքով եւ ոչ մի անգամ Իրանի զինված ուժերին չի հաջողվել որսալ դրանց։ Թռիչքների ընթացքում հայտնաբերվել են մի քանի կետեր, որտեղ իրականացվում են Իրանի միջուկային ծրագրերը։