Թուրաքիայի Ստամբուլ քաղաքում, որտեղ Արեւմտյան երկրների դիվանագետներն Իրանի միջուկային հարցերով բանագնացների հետ քննարկում են այս երկրի միջուկային ծրագրերը, հայտարարել են, որ առաջին նիստն անցել է ՝՝կառուցողական՛՛ մթնոլորտում։
Եվրամիության խոսնակ Մայքըլ Մանի խոսքերով, Իրանի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստած վեց երկրների պատվիրակներն այն տպավորությունն են ստացել, որ Թեհրանը լուրջ մոտեցում է ցուցաբերում այս քննարկումների նկատմամբ։ Նա ասել է նաեւ, որ բանակցությունները սկսվել են բարեկամական մթնոլորտում, սակայն նաեւ շեշտել, որ առաջընթացը կախված է լինելու միջազգային պարտավորությունները հարգելու հարցում Իրանի պատրաստակամության դրսեւորումից։
Հիշեցնենք, որ Թեհրանը հերքում է Արեւմուտքի այն մեղադրանքները, որոնց համաձայն Իրանում փորձ է արվում ստեղծել միջուկային զենք եւ շարունակ հայտարարում, որ միջուկային իր ծրագրերն ունեն զուտ խաղաղ նպատակներ։