Մատչելի հղումներ

«Ադրբեջանը լրտեսների որջի է վերածվում»


«Խորհրդային Միության նախկին մաս, նավթով հարուստ պետությունն Իսրայելի և Իրանի միջև հարաբերությունների լարման հետևանքով դառնում է համաշխարհային լրտեսության բույն»:

Այս հայտարարությամբ է մեկնարկում «Էմ-Էս-Էն-Բի-Սի» կայքում հրապարակված «Երկրորդ համաշխարհայինի ընթացքում Կասաբլանկայի նման՝ Ադրբեջանը լրտեսների որջի է վերածվում» հոդվածը, որի հեղինակ Ալաստար Ջեյմիսոնը պնդում է, որ «Ռուսաստանի և Մերձավոր Արևելքի հետ կապեր ունեցող Ադրբեջանը, որպես Թեհրանի հետ վարվող դիվանագիտական պատերազմի հենակետ, ռազմավարական նշանակություն ունի Արևմուտքի համար»:

«Իրանի հետ երկար սահման ունեցող աշխարհիկ այս բռնապետությունը սակավաթիվ այն երկրներից է, որոնք դեռևս լրտեսական հուսալի կենտրոն են մնում Ամերիկայի և Իսրայելի համար՝ հետախուզական գործունեության բույն դարձնելով երկրի մայրաքաղաք Բաքուն», - գրում է Ջեյմիսոնը:

Հոդվածում մեջ է բերվում «Հերիթիջ» հիմնադրամի ավագ հետազոտող Ալիել Քոհենի խոսքը, որի համաձայն «երկրորդ համաշխարհայինի ընթացքում Կասաբլանկա քաղաքի նման՝ Ադրբեջանն այժմ դարձել է Իրանի արարքներին հետևելու կենտրոն»:

«Սա հասկանալի է՝ հաշվի առնելով երկու պետությունների միջև առանց մուտքի արտոնագրի փոխադրվելու ռեժիմը և Իրանի հետախուզական մարմինների կողմից իրականացվող ագրեսիվ ռազմավարությունը», - նշել է Քոհենը:

Հոդվածի հեղինակը հիշեցնում է, որ վերջերս տեղի ունեցած իրադարձությունները լույս են արձակել Բաքվում տեղի ունեցող միջազգային որոշ «մանևրերի» վրա՝ նշելով Ադրբեջանում անվտանգության ուժերի կողմից այս տարվա մարտին 22 անձի ձերբակալման դեպքը: Այս անձինք, ըստ Ադրբեջանի իշխանությունների, պատրաստ էին ահաբեկչական հարձակումներ իրականացնել երկրում գործող ԱՄՆ-ի և Իսրայելի դեսպանությունների վրա:

Ըստ հոդվածի, որոշ փորձագետներ համարում են, որ «իրանցիները գործում են բացեիբաց՝ ցանկանալով, որ բոլորը տեղյակ լինեն իրենց ներկայության մասին:

«Իսրայելցիները սակայն, ամերիկացիների նման, ավելի աննկատ են գործում, սակայն, վերջիվերջո, բոլորն էլ գիտեն, որ նրանք նույնպես այստեղ են», - նշված է հեղինակ Ալաստար Ջեյմիսոնի «Երկրորդ համաշխարհայինի ընթացքում Կասաբլանկայի նման՝ Ադրբեջանը լրտեսների որջի է վերածվում» հոդվածում:

XS
SM
MD
LG