ՄԱԿ. «Սիրիայում բռնությունների պատճառով զոհերի թիվը գերազանցել է 7,5 հազարը»

ՄԱԿ. «Սիրիայում բռնությունների պատճառով զոհերի թիվը գերազանցել է 7,5 հազարը»

«Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կողմից ընդդիմության նկատմամբ իրականացվող բռնությունների արդյունքում երկրում զոհերի թիվը գերազանցել է 7,5 hազարը՝ մեկ ամսվա ընթացքում ավելանալով ավելի քան 2 հազարով»:

Այս տվյալները ներկայացվել են քաղաքական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Լին Պեսկոուի կողմից, որը նշել է նաև, թե Սիրիայից ստացվող «արժանահավատ տվյալների» համաձայն այս երկրում օրական զոհվում է քաղաքացիական մոտ 100 անձ՝ ներառյալ կանանց և երեխաներին:

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում անցկացված ճեպազրույցի ընթացքում Պեսկոուն տեղեկացրել է նաև, որ Սիրիայում շարունակվող հակամարտության պատճառով հարևան պետություններ է անցել մոտ 25 հազար փախստական: Հակամարտության պատճառով նաև տեղի է ունեցել 100 հազարից մինչև 200 հազար մարդու ներքին տեղափոխություն:

Ֆրանսիայի իշխանությունները երեքշաբթի օրը հայտնել են, որ դիվանագետները սկսել են աշխատանքը Սիրիայում բռնություններն անհապաղ դադարեցնելու կոչ անող բանաձևի մշակման աշխատանքները: Նոր բանաձևը հետապնդում է կառավարական ուժերի գրոհների ենթարկվող բնակավայրեր մարդասիրական օգնության առաքման հնարավորություն ստեղծելու նպատակ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանն ու Չինաստանը երկու անգամ վետոյի իրավունք են կիրառել Սիրիայում բռնությունների դադարեցման վերաբերյալ Արևմուտքի և արաբական պետությունների կողմից ներկայացված բանաձևերի նկատմամբ:

Դիվանագետները հույս են հայտնել, որ Սիրիայում ստեղծված հումանիտար իրավիճակի վրա նոր բանաձևը կենտրոնացնելու միջոցով Մոկսվայի և Պեկինի համար ավելի դժվար կդառնա վետոյի իրավունքի կիրառումը: