Մատչելի հղումներ

Սիրիայում զոհվել է երկու լրագրող


Սիրիայում զոհվել է երկու լրագրող
Սիրիայում զոհվել է երկու լրագրող

Սիրիայում Հոմս քաղաքի ուղղությամբ կառավարական ուժերի կողմից չդադարող գրոհի հետևանքով չորեքշաբթի օրը զոհվել է ավելի քան 70 մարդ, որոնց թվում են եղել նաև արևմտյան լրատվամիջոցների երկու լրագրող:

Սիրիայի ակտիվիստների համաձայն, ամերիկացի ռազմական հայտնի լրագրող Մերի Քոլվինը, որը աշխատել է բրիտանական «Սանդի Թայմս» թերթում, և ֆրանսիացի ֆոտոլրագրող Ռեմի Օշլիքը զոհվել են հրետանային հուժկու կրակի պատճառով, որը կառավարական ուժերը բացել էին Հոմս քաղաքում ապստամբների կողմից վերահսկվող Բաբա Ամր շրջանում գտնվող ժամանակավոր մեդիա կենտրոնի ուղղությամբ:

Ակտիվիստները հայտնել են նաև, որ ժամանակավոր այս մեդիա կենտրոնը, որտեղ աշխատել են լրագրողները, կառավարական ուժերը գիտակցաբար էին ընտրել որպես թիրախ՝ չնայած Բաբա Ամր ամբողջ թաղամասի ուղղությամբ հրետանային ծանր հարված էր հասցվել: Նրանց համաձայն, կառավարական հետախուզական օդանավերը մի քանի օրվա ընթացքում թռիչքներ էին կատարում շրջանի վրայով՝ ամենայն հավանականությամբ փորձելով հայտնաբերել լրագրողների կողմից օգտագործվող արբանյակային ալեհավաքները:

Փարիզից իր գործունեությունն իրականացնող «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպությունը հայտնել է հետաքննություն մեկնարկելու մասին՝ պարզելու համար, արդյոք Սիրիայի ուժերը դիտավորյալ կերպով էին հասցրել հարվածը լրագրողների կողմից օգտագործվող շենքի ուղղությամբ:

Սիրիայի կառավարությունն իր հերթին հանդես է եկել հայտարարությամբ՝ հայտարարելով, թե տեղյակ չի եղել լրագրողների երկրում լինելու մասին: Երկրի պետական լրատվամիջոցների համաձայն, Ինֆորմացիայի նախարարությունը «կոչ է արել անօրինական եղանակով Սիրիա մուտք գործած օտարերկրյա լրագրողներին երկրի պետական մարմինների հետ կարգավորել երկրում գտնվելու իրենց կարգավիճակը:

Սպանությունների փաստի վերաբերյալ իրենց վրդովմունքն են արտահայտել բազմաթիվ պետությունների ղեկավարներ:

Մասնավորապես, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, Սիրիայի հակամարտության շուրջ Թունիսում կայանալիք միջազգային հանդիպման նախօրեին ասել է, որ «եկել է Սիրիայի վարչակարգի հեռանալու ժամանակը»:

XS
SM
MD
LG