Մատչելի հղումներ

Կարմիր մահիկի կազմակերպության աշխատողները Հոմսից դուրս են բերել վիրավորներին


SYRIA
SYRIA

«Սիրիայում օգնություն տրամադրող աշխատողներին հաջողվել է մի քանի մարդ դուրս բերել կառավարական ուժերի կողմից պաշարված Հոմս քաղաքի շրջաններից մեկից, սակայն չի հաջողվել դուրս բերել շրջանում դեռևս մնացող արևմտյան լրատվամիջոցների լրագրողներին»:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի խոսնակի համաձայն, Սիրիայում Արաբական կարմիր մահիկի աշխատողները երկուշաբթի օրը մուտք են գործել Բաբա Ամր շրջան՝ էվակուացնելով Սիրիայի վնասվածքներ ստացած երեք քաղաքացու:

Խոսնակը հայտնել է սակայն, որ Կարմիր մահիկի կազմակերպության աշխատողներին չի հաջողվել շրջանից դուրս բերել այնտեղ դեռևս մնացող արևմտյան լրատվամիջոցների լրագրողներին, որոնցից երկուսը վնասվածքներ են ստացել, ինչպես նաև չի հաջողվել շրջանից դուրս հանել անցյալ շաբաթ հրետանային կրակի արդյունքում զոհված երկու լրագրողների աճյունները:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն արդեն մի քանի օր բանակցություններ է վարում Սիրիայի կառավարության և ապստամբների հետ՝ փորձելով ստանալ ապստամբների կողմից վերահսկվող Բաբա Ամր շրջան մուտք գործելու թույլտվություն: Բաբա Ամրի բնակիչները կառավարության կողմից արդեն երեք շաբաթ շարունակվող գրոհի պատճառով գրեթե զրկված են խմելու ջրից, սննդից և դեղամիջոցներից:

Սիրիայի իշխանությունները երկուշաբթի օրը հանդես են եկել հայտարարությամբ՝ ասելով, որ երկրում նոր սահմանադրություն ընդունելու շուրջ անցկացված քվեարկության մասնակիցների 90 տոկոսը քվեարկել է նոր սահմանադրության ընդունման օգտին: Նոր սահմանադրությամբ նախատեսվում է երկրում ստեղծել կառավարման բազմակուսակցական համակարգ և սահմանափակել նախագահի կառավարման ժամկետը: Բարեփոխումների արդյունքում սակայն Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը պահպանելու է իր իշխանությունն ու լիազորությունների զգալի մասը:

ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը կիրակի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Ասադին դեռևս աջակցող Սիրիայի զինծառայողները «անպատվում են իրանց անունը»՝ հերոս անվանելով «բռնություններից հրաժարվածներին»:

Արտգործնախարար Քլինթընը սակայն հորդորել է օտարերկրյա կառավարություններին զերծ մնալ Սիրիայի ապստամբներին ռազմական օգնություն տրամադրելուց՝ ասելով, որ և՛ «ալ-Քայիդա», և՛ «Համաս» ահաբեկչական կազմակերպությունները սատարում են ապստամբներին:

ԱՄՆ-ի արտգործնախարարը նշել է, որ ի տարբերություն Լիբիային, որտեղ Մուամար Քադաֆիի դեմ հանդես եկողները հայտնի էին իրեն, Սիրիայում ապստամբներին սատարողների ինքնությունը դեռևս հայտնի չէ:

«Ոչ ոք չգիտի, թե որտեղ կարող է հայտնվել ապստամբներին տրամադրված զենքն ու զինամթերքը», - նշել է ԱՄՆ-ի արտգործնախարար Քլինթընը:

XS
SM
MD
LG