Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի հանձնակատար Ամոսը հանդիպում կանցկացնի Սիրիայի պաշտոնատար անձանց հետ


Մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի հանձնակատար Վալերի Ամոսը հինգշաբթի օրը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում հանդիպում կանցկացնի երկրի պաշտոնատար անձանց և մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Այս հանդիպումից մեկ օր առաջ Ամոսն այցելել է Հոմս քաղաքի Բաբա Ամր շրջանը, որը գտնվում է Սիրիայի ապստամբների վերահսկողության տակ:

Մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի հանձնակատարի խոսնակը չորեքշաբթի օրը տեղեկացրել է, որ Վալերի Ամոսը Հոմսի այս շրջանը որպես «հիմնովին ավերված» է նկարագրել: Ամոսն ասել է նաև, որ այնտեղ շատ քիչ մարդ է տեսել, քանի որ շրջանի բնակիչները հիմնականում փախուստի են դիմել մերձակա վայրեր, որտեղ մարդասիրական օգնություն տրամադրող կազմակերպությունների աշխատողները սնունդ և դեղամիջոցներ են բաշխել:

Խոսնակի համաձայն, Ամոսն ու Սիրիայի արաբական կարմիր մահակի ներկայացուցիչը 45 րոպե են անցկացրել Բաբա Ամրում: Նրանք փորձել են մուտք գործել ընդդիմության կողմից վերահսկվող տարածքներ, սակայն ապստամբների հետ մուտքի իրավունք ստանալու նպատակով վարված բանակցությունները հաջողությամբ չեն ավարտվել:

Մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի հանձնակատարն ավելի վաղ հանդիպում էր անցկացրել Սիրիայի արտաքին գործերի նախարարի հետ, որն ասել է Ամոսին, թե Սիրիայում նա կարող է այցելել ցանկացած վայր:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան և զինված ուժերի բարձրաստիճան հրամանատարները չորեքշաբթի օրն ԱՄՆ-ի օրենսդիրներին ներկայացրել են Սիրիայում առկա դժվարությունները՝ ներառյալ երկրի հակաօդային պաշտպանության համակարգը և քիմիական զենքի պաշարները: Պանետան ասել է, որ Սիրիայում տիրող իրավիճակն «ահավոր» է, և չկա այն լուծելու «հեշտ պատասխաններ»:

XS
SM
MD
LG