«Սիրիայի ապստամբ զինվորներին զենքի տրամադրումը կարող է վատթարացնել երկրում տիրող իրավիճակը»:
Այս մասին զգուշացրել է ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի Սիրիայի հարցերով հանձնակատար Քոֆի Անանը, որը հինգշաբթի օրը Սիրիա կատարվելիք այցի ճանապարհին կանգառ է կատարել Կահիրեում:
Քոֆի Անանը շաբաթ օրը ժամանելու է Սիրիա՝ մեկնարկելով երկրում իրականացվող բռնությունները դադարեցնելուն ուղղված իր առաքելությունը:
«Այս հանձնարարությունն ընդունելիս իմ միակ նպատակը եղել է ապահովել Սիրիայի ժողովրդի բարեկեցությունը: Պետք է վերջ տալ սպանություններին և գտնել բարեփոխումներ իրականացնելու ճանապարհ՝ շարժվելով առաջ», - ասել է ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի Սիրիայի հարցերով հանձնակատար Քոֆի Անանը:
Անանը միջազգային հանրությանը զգուշացրել է նաև Սիրիայի ապստամբներին զինելու անթույլատրելիության մասին՝ որպես օրինակ բերելով Լիբիայի ընդդիմությանը զինելու անցյալ տարվա փորձը:
«Հուսով եմ, որ ոչ ոք այս իրավիճակում ուժի կիրառման լուրջ մտադրություն չունի: Կարծում եմ՝ հետագա ռազմականացումը կարող է միայն բարդացնել իրավիճակը: Պետք է զգույշ լինենք և չկիրառենք այնպիսի միջոց, որը «հիվանդությունից էլ վտանգավոր կարող է դառնալ», և այս տարածաշրջանում իմ բերած օրինակին ապացույց գտնելու համառ հեռու պետք չէ գնալ», - ասել է Անանը: