Մատչելի հղումներ

Արևմուտքն ու ՄԱԿ-ը հորդորել են Սիրիայի շուրջ միասնական բանաձև ընդունել


Արևմուտքի պետությունների ղեկավարները և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը երկուշաբթի օրը կրկին հորդորել են Ռուսաստանն ու Չինաստանը սատարել Սիրիայում բռնությունների դադարեցում պահանջող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունումը:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, հանդես գալով 15 պետությունների ներկայացուցիչներից կազմված Անվտանգության խորհրդի առջև, ասել է, որ կազմակերպության ամենամեծ լիազորություններով օժտված մարմինը պետք է «միասնական ձայնով հանդես գա» Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ուժերի կողմից իրականացվող «ամոթալի գործողությունների» դեմ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանն ու Չինաստանը վերջին հինգ ամիսների ընթացքում երկու անգամ են կիրառել վետոյի իրենց իրավունքը՝ արգելափակելով Դամասկոսի դեմ ուղղված գործողություններն այն պատրվակով, թե Արևմուտքն ու արաբական որոշ պետությունները փորձում են վարչակարգի փոփոխություն իրականացնել Սիրիայում:

ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընն ասել է, որ Սիրիայի կառավարության կողմից իր սեփական ժողովրդի սպանդն իրականացնելու ընթացքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից պահպանվող լռությունն անընդունելի է, և հորդորել է Մոսկվային ու Պեկինին աջակցություն ցուցաբերել Սիրիայի վարչակարգի դեմ ուղղված միջոցառումներին:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հազվադեպ հնչող դիտողություն է արել իր երկրի դաշնակից Սիրիայի իշխանություններին՝ ասելով, որ այս երկրի «իշխանությունները մեծ պատասխանատվություն են կրում երկրում ներկայում ստեղծված իրավիճակի համար»:

Լավրովն ասել է, որ Մոսկվան կողմ է բռնությունների անմիջական դադարեցման, զինադադարի և օգնություն տրամադրող կազմակերպությունների աշխատողներին անարգել մուտքի տրամադրման՝ միաժամանակ զգուշացնելով ճգնաժամը սաստկացնող միջազգային գործողությունների իրականացման դեմ:

Ռուսաստանի արտգործնախարարն ասել է, որ Արաբական պետությունների լիգայի անդամ երկրների արտգործնախարարների հետ Կահիրեում շաբաթ օրը կայացած հանդիպման արդյունքում ստորագրվել է հինգ կետից բաղկացած փաստաթուղթ, որով պահանջվում է վերջ դնել բռնություններին, մշակել անկողմնակալ մոնիթորինգի մեխանիզմ, զերծ մնալ արտաքին ազդեցությունից, չխոչընդոտել մարդասիրական օգնություն հասցնելուն և աջակցել քաղաքական երկխոսության մեկնարկմանն ուղղված Քոֆի Անանի առաքելությանը:

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարներն առանձին հանդիպում են անցկացրել ՄԱԿ-ի հանդիպման շրջանակներում: Այս հանդիպումից հետո ԱՄՆ-ի արտգործնախարար Քլինթընը հայտնել է լրագրողներին, թե Լավրովի հետ կայացած հանդիպման ընթացքում ինքը շեշտել է, որ որպես Սիրիայում ճգնաժամի լուծմանն ուղղված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված միասնական բանաձևին այլընտրանք կարող է դառնալ ամբողջ տարածաշրջանի համար վտանգավոր հետևանքներ ունեցող արյունալի ներքին հակամարտությունը:

XS
SM
MD
LG