Մատչելի հղումներ

Սիրիա. Հոմսում հայտնաբերվել են 45 կանանց և երեխաների դիակներ


Սիրիայի ակտիվիստները հայտնել են Հոմս քաղաքում առնվազն 45 կանանց և երեխաների դիակները հայտնաբերելու մասին:

Ակտիվիստները, որոնք սպանդն իրականացնելու մեջ մեղադրում են կառավարական ուժերին, հայտնել են, որ զոհվածների մարմինների վրա առկա են ծանր վնասվածքների և բռնությունների հետքեր:

Սիրիայի պաշտոնատար անձանց հաստատել են կանանց և երեխաների սպանության հանգամանքը, սակայն տեղի ունեցածի համար պատասխանատվությունը դրել են «զինված ահաբեկիչների» վրա:

Սպանությունների փաստը հաստատող անկախ հաղորդագրություններ չեն ստացվել:

Սիրիայում այս իրադարձությունները տեղի են ունեցել Նյու Յորքում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպման նախօրեին, որի ընթացքում քննարկվելու է Սիրիայում ՄԱԿ-ի հանձնակատարի ձախողված առաքելությունը:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի և Արաբական լիգայի պետությունների հանձնակատար Քոֆի Անանը կիրակի օրը վերադարձել է Սիրիայից՝ չկարողանալով ձեռք բերել երկրում շուրջ մեկ տարի շարունակվող բռնությունները դադարեցնելու մասին պայմանավորվածություն:

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հանդիպումն անցկացվելու է Մեծ Բրիտանիան պահանջով՝ մեկ տարի առաջ մեկնարկած «Արաբական գարնան» հետևանքով ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով: Դիվանագետները սակայն ակնկալում են, որ հանդիպման ընթացքում հիմնականում կքննարկվեն Սիրիայում տեղի ունեցող բռնությունները:

ՄԱԿ-ի հանդիպմանը մասնակցելու է նաև Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընը:

XS
SM
MD
LG