Մատչելի հղումներ

Լրացել է Սիրիայում հակակառավարական ապստամբության առաջին տարեդարձը


Հինգշաբթի օրը լրանում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարման դեմ բարձրացված ապստամբության միամյակը, որի մասնակիցների նկատմամբ իրականացվող բռնությունները ապստամբության կենտրոններ համարվող քաղաքներում չեն թուլանում:

Սիրիայի պետական «ՍԱՆԱ» լրատվական գործակալության համաձայն, հինգշաբթի օրը երկրի բնակիչները կանցկացնեն «երկրի կառավարության նկատմամբ բնակչության հավատարմության մասին վկայող» միջացառումներ:

Միջազգային հասարակական 200 կազմակերպություններից կազմված մի խումբ, մի շարք ակտիվիստների և ճանաչված անձանց մասնակցությամբ հինգշաբթի օրը նախատեսում է մեկնարկել արշավ՝ կոչ անելով առավել ակտիվ գործողություններ ձեռնարկել Սիրիայում ստեղծված իրավիճակը լուծելու ուղղությամբ:

«Facebook», «Twitter» և «YouTube» սոցիալական մեդիա կայքերի միջոցով անցկացվելիք «Միացի՛ր՝ հանուն Սիրիայի» անվանումը կրող արշավը նպատակ է հետապնդում հնչեցնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Սիրիայի վերաբերյալ բանաձև ընդունելուն ուղղված պահանջները, աջակցություն դրսևորել ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ հանձնակատար Քոֆի Անանաի առաքելությանը, ինչպես նաև պահանջել, որ մարդասիրական կազմակերպություններին մուտք տրամադրվի Սիրիայի բոլոր շրջաններ:

Սպասվում է, որ ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ հանձնակատար Քոֆի Անանն ուրբաթ օրն զեկույցով հանդես կգա Անվտանգության խորհրդի առջև: Անանի խոսնակի համաձայն, Ասադի կառավարությունն արձագանքել է ճգնաժամին վերջ տալու մասին հանձնակատարի առաջարկություններին, սակայն դեռևս կան բազմաթիվ չկարգավորված հարցեր:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դիվանագետների համաձայն, Անանի գնահատականը կարևոր դեր կունենա Սիրիայում կառավարական ուժերի կողմից պաշարված քաղաքներ մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների մուտքը պահանջող ՄԱԿ-ի բանաձևի մշակման համար, որին կողմ են հանդես գալիս Միացյալ Նահանգներն ու իր եվրոպական դաշնակիցները:

ՄԱԿ-ի տվյալների համաձայն, Սիրիայում արդեն մեկ տարի հակակառավարական ապստամբության մասնակիցների նկատմամբ շարունակվող բռնությունների զոհ է գնացել մոտ 8 հազար մարդ: Երկրի կառավարությունը տեղի ունեցող խռովությունների մեջ մեղադրում է «ահաբեկիչներին և օտարերկրյա հրահրողներին»:

XS
SM
MD
LG