Թուրքիայում երկու լրագրող բանտարկության է դատապարտվել դավադրության մեղադրանքներով

Թուրքիայում երկու լրագրող բանտարկության է դատապարտվել դավադրության մեղադրանքներով

Թուրքիայի դատարաններից մեկը կիրակի օրը կառավարության դեմ դավադրություն կազմակերպելու մեղադրանքով բանտարկելու մասին վճիռ է կայացրել ճանաչված լրագրողներ Նեդիմ Շեների և Ահմեթ Շիքի նկատմամբ։

Նեդիմ Շեները Հրանտ Դինքի սպանության հարցով անվտանգության ուժերին մեղադրող գրքի հեղինակն է, իսկ Ահմեթ Շիքը` «Էրգենեկոն»-ի գործի շրջանակներում կատարվող բռնությունների մասին գրքի համահեղինակներից։

Շեներն ու Շիքն ինն այլ մարդկանց, հիմնականում լրագրողների հետ միասին ձերբակալվել էին հինգշաբթի օրը՝ իրենց տները խուզարկման ենթարկվելուց հետո։

Թուրքիայի ոստիկանությունն այս գործողություններն իրականացրել է «Էրգենեկոն» խմբավորման կողմից դավադրություն կազմակերպելու վերաբերյալ վիճահարույց հետաքննության շրջանակներում:

Ստամբուլում և Անկարայում ուրբաթ օրը հազարավոր մարդիկ երթ էին անցկացրել ընդդեմ դավադրություն կազմակերպելու մեջ մեղադրվող լրագրողների ձերբակալությունների:

Երթի մասնակիցներն իրենց բողոքն էին արտահայտել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության կողմից մամուլի ազատության սահմանափակումների դեմ:

Եվրոպական հանձնաժողովը, ԱՄՆ-ը և «Լրագրողներ առանց սահմանի» իրավապաշտպան կազմակերպությունն իրենց անհանգստությունն են արտահայտել Թուրքիայում լրագրողների ձերբակալությունների հանգամանքով:

«Էրգենեկոն»-ի գործի շրջանակներում Թուրքիայում արդեն բանտարկվել է ավելի քան 300 մարդ։