Մատչելի հղումներ

Բռնություններ Թուրքիայում` ուղղված լրագրողների դեմ


Լրագրող Նեդիմ Շեներ
Լրագրող Նեդիմ Շեներ

Թուրքիայի ոստիկանությունը հինգշաբթի օրը Ստամբուլում և Անկարայում խուզարկել է 11 մարդու, հիմնականում լրագրողների տները, իսկ երկրի դատախազությունն արձակել է ձերբակալության հրամանագրեր:

Ձերբակալվածների շարքում է «Միլիեթ» պարբերականի լրագրող Նեդիմ Շեները, որը երկու տարի առաջ արժանացել էր Մամուլի միջազգային հաստատության «Մամուլի ազատության հերոս» մրցանակին` Հրանտ Դինքի սպանության հարցով անվտանգության ուժերին մեղադրող գիրք հրատարակելու համար:

Ոստիկանությունն այս գործողություններն իրականացրել է «Էրգենեկոն» խմբավորման կողմից դավադրություն կազմակերպելու վերաբերյալ վիճահարույց հետաքննության շրջանակներում:

«Հուրիեթ» պարբերականին տված հարցազրույցում Լրագրողների միջազգային դաշնության եվրոպական բաժնի տնօրեն Ռենատե Շռոյդերը իր մտահոգությունն է արտահայտել լրագրողների նկատմամբ Թուրքիայում վերջերս ձեռնարկված գործողությունների կապակցությամբ` ասելով, որ «բանտարկության մեջ արդեն գտնվում է 51 լրագրող, և թվում է, որ այս թիվը շարունակելու է աճել»:

«Ձերբակալությունների կամ խուզարկությունների իրականացմանը որևէ հստակ բացատրություն չի տրվում. թվում է, թե այս գործողությունները կամայական են կատարվում: Իրավիճակը մտահոգիչ է` այն կարող է տանել դեպի ինքնագրաքննություն և վախի մթնոլորտի ձևավորում, ինչը չափազանց վտանգավոր է», - ասել է Ռենատե Շռոյդերը:

Թուրքիայում լրագրողների ձերբակալությունների հանգամանքով մտահոգություն է արտահայտել նաև Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ֆրենսիս Ռիչարդոնեն:

XS
SM
MD
LG