Թուրքիայի դատարաններից մեկը կառավարության դեմ դավադրություն կազմակերպելու մեղադրանքով ուրբաթ օրը կայացրել է «Oda TV» կայքում նյութեր հրապարակող լրագրող Սոներ Յալջինին և նրա երկու գործընկերներին բանտարկելու մասին դատավճիռ։ Վճիռը կայացվել է հակակառավարական դավադրություն կազմակերպելու մեջ մեղադրվող «Էրգենիկոն» խմբավորմանը նրանց ենթադրյալ մասնակցության հիման վրա։
Մեղադրականի մանրամասները չեն հրապարակվել։
Ենթադրյալ այս դավադրության գործով Թուրքիայում անցկացվում են նաև բազմաթիվ այլ լրագրողների, գիտնականների, զինվորականների և քաղաքական գործիչների դատավարություններ։
Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ֆրենսիս Ռիչարդոնեն չորեքշաբթի օրն իր մտահոգությունն է արտահայտել այս երկրում մամուլի ազատության իրավիճակով։
ԱՄՆ-ի դեսպանի մեկնաբանությանը Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն պատասխանել է, որ դեսպանն իրավունք չունի կարծիք արտահայտել ընթացող հետաքննության վերաբերյալ։