Սոչիում կայացել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը

Սոչիում կայացել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Սոչի է ժամանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որտեղ կայացել են երկու պետությունների նախագահների միջև երկկողմանի բանակցությունները:

Երկկողմանի բանակցությունների ընթացքում նախագահները մտքեր են փոխանակել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների հիմնական հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի հրատապ խնդիրների, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ստեղված իրավիճակի շուրջ:

Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, Հանդիպման ընթացքում Ռուսատանի նախագահ Մեդվեդևը նշել է, որ բանակցությունների հիմնական թեմաներից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը:

«Ցանկանում եմ Ձեզ հետ անկեղծ քննարկել հետագա քայլերը և իրավիճակի հետագա զարգացումը` հաշվի առնելով Կազանում անցկացված եռակողմ ձևաչափով մեր հանդիպման, ինչպես նաև այս ձևաչափով նախկինում անցկացված այլ հանդիպումները», - ասել է Ռուսատանի նախագահը` հավելելով. «Տարածաշրջանային խնդիրների լուծումը շատ կարևոր է երկու պետությունների համար: Մենք հարևան, շատ մտերիմ բարեկամ և գործընկերներ ենք: Տարածաշրջանում իրավիճակի զարգացումից է կախված պետ պետությունների և ժողովուրդների ինքնազգացողությունը»:

Ադրբեջանի նախագահ Ալիևի համաձայն, երկկողմանի ձևաչափում լուծված են Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա գրեթե բոլոր խնդիրները, և երկկողմանի հարաբերությունների օրակարգի բոլոր հարցերում նկատվում է դրական առաջընթաց:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը` Իլհամ Ալիևը Ռուսաստանի նախագահին իր երախտապարտությունն է հայտնել «Լեռնային Ղարաբաղի, հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համար»:

«Մենք շատ բարձր ենք գնահատում այս գործընթացում Ձեր անձնական ներգրավվածությունը, և եռակողմ ձևաչափով անցկացված բանակցությունները, իհարկե, շատ են մոտեցրել կողմերի դիրքորոշումները», - նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: