Սանտորումը հաղթանակ է տարել Ալաբամայի և Միսիսիպիի անցկացված նախնական ընտրություններում

ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության նախագահական թեկնածու Ռիք Սանտորումը հաղթանակ է տարել Միացյալ Նահանգների հարավային Ալաբամա և Միսիսիպի նահանգներում անցկացված նախնական ընտրություններում՝ ամրապնդելով իր դիրքը որպես պահպանողական այլընտրանք հիմնական հակառակորդ՝ Միթ Ռոմնիի թեկնածությանը:

Սանտորումը փոքր տարբերությամբ հաղթանակ է տարել ավանդաբար պահպանողական հայացքներին հարող այս երկու նահանգներում:

Ալաբամայում և Միսիսիպիում անցկացված նախնական ընտրությունների արդյունքներով, երկրորդ տեղը զբաղեցրել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյութ Գինգրիչը, երրորդը՝ Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին:

Փենսիլվանիա նահանգի կողմից ընտրված ԱՄՆ-ի նախկին սենատոր Սանտորումը հայտնել է իր աջակիցներին, թե եկել է ժամանակը, որ պահպանողականները ի մի բերեն իրենց ուժերը՝ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում դեմոկրատական կուսակցության թեկնածու, ներկայիս նախագահ Բարաք Օբամայի նկատմամբ հաղթանակ տանելու նպատակով:

Նյութ Գինգրիչին իր թեկնածությունը «կենսունակ» պահելու համար անհրաժեշտ էր հաղթանակ տանել երեքշաբթի օրը նախնական ընտրություններ անցկացրած նահանգներից առնվազն մեկում: ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակը սակայն հայտնել է Ալաբանա նահանգի Բիրմինգեմ քաղաքում երեքշաբթի ուշ երեկոյան հավաքված աջակիցներին, թե դուրս չի գալու ընտրապայքարից՝ շեշտելով, որ ինքը «ԱՄՆ-ի նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի պահպանողական ժառանգությունը շարունակելու նպատակ հետապնդող լավագույն թեկնածուն է»:

Երկու նահանգում երեքշաբթի օրը կրած պարտությունը հարված է հասցրել ծայրահեղ պահպանողական հավատացյալ հանրապետականների աջակցությունը ձեռք բերելու Ռոմնիի ծրագրերին: Չնայած երեքշաբթի օրվա պարտության, Միթ Ռոմնին մնում է պատվիրակների ձայների ամենամեծ թիվը ստացած հանրապետական թեկնածուն:

Մասաչուսեթսի նախկին նահանգապետը երեքշաբթի օրը բարի լուր է ստացել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ծննդավայր Հավայի նահանգից, ինչպես նաև Ամերիկյան Սամոա տարածքից, որտեղ իր թեկնածությունն առաջատար դիրքեր է զբաղեցրել այնտեղ անցկացված հանրապետական կուսակցության ժողովների արդյունքներով: