Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին երեքշաբթի ուշ երեկոյան հաղթանակ է տարել Օհայո նահանգում անցկացված հանրապետական կուսակցության նախնական ընտրություններում՝ նվաճելով «սուպեր երեքշաբթի» անվանվող քվեարկության օրվա «գլխավոր մրցանակ» համարվող նահանգի ընտրողների ձայների մեծամասնությունը:
Օհայո նահանգում Ռոմնին փոքր առավելությամբ հաղթանակ է տարել իր հիմնական մրցակցի՝ Փենսիլվանիա նահանգի սենատոր Ռիք Սանտորումի նկատմամբ՝ հաղթական տանելով նաև Մասաչուսեթս, Վիրջինիա, Վերմոնտ և Այդահո նահանգներում:
Այս հաղթանակը թույլ է տվել ամրապնդել Ռոմնիի դիրքերը Սանտորումի և մնացած երկու թեկնածուի՝ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյութ Գինգրիչի և Տեխաս նահանգի կոնգրեսական Ռոն Փոլի նկատմամբ:
Չնայած Օհայո նահանգում պարտվելու հանգամանքի, Սանտորումը «սուպեր երեքշաբթի» օրը հաղթանակ է գրանցել Թենեսի, Օքլահոմա և Հյուսիսային Դակոտա նահանգներում: Այս նահանգներում Սանտորումի տարած հաղթանակը նշան է, որ նախագահական ընտրություններում հանրապետական կուսակցության կողմից թեկնածու առաջադրվելու համար պայքարը դեռևս շարունակվելու է առնվազն մի քանի շաբաթ:
Ռիք Սանտորումին շարունակում են սատարել առավել պահպանողական՝ մասնավորապես սոցիալական խնդիրներով մտահոգված և դաշնային կառավարության լիազորությունների շրջանակի ընդլայնման դեմ հանդես եկող ընտրողները:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյութ Գինգրիչը «սուպեր երեքշաբթի» օրվա արդյունքներով հաղթանակ է տարել Ջորջիա նահանգում, սակայն իրեն չի հաջողվել տարածել այս հաջողությունը և հաղթանակել հարավային Թենեսի և Օքլահոմա նահանգներում, որտեղ ընտրողների մեծամասնությունը վստահություն են հայտնել Սանտորումի թեկնածությանը:
Ռոն Փոլը լավ արդյունքներ է գրանցել «սուպեր երեքշաբթի» օրը քվեարկություն անցկացրած գրեթե բոլոր նահանգներում՝ մնալով հանրապետական նախընտրական մրցապայքարում նույնիսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս ընթացքում իր թեկնածությունը նշանակալից որևէ հաղթանակ չի գրանցել:
Հանրապետական կուսակցության կողմից նախագահական ընտրություններում առաջ քաշվող թեկնածուն կառաջադրվի օգոստոս ամսվա վերջին Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում հանրապետական կուսակցության կայանալիք ժողովի արդյունքներով: