Հանրապետական նախագահական թեկնածուների շրջանում առաջատար դիրքեր զբաղեցնող Միթ Ռոմնին կիրակի օրը հաղթանակ է գրանցել Պուերտո Ռիկոյում անցկացված նախնական ընտրությունների արդյունքներով:
Ռոմնին հանրապետական թեկնածուների նախնական ընտրությունների արդյունքների նախնական հաշվառման համաձայն ստացել է ընտրողների ձայների 83 տոկոսը: Իր մրցակից Ռիք Սանտորումը զգալիորեն հետ է մնացել՝ հավաքելով ընտրողների ձայների 8, իսկ Նյութ Գինգրիչը ստացել է ձայների 2 տոկոսը:
Պուերտո Ռիկոյում հաղթանակ գրանցած թեկնածուն ստանալու է 20 պատվիրակի ձայն, որոնք կօգտագործվեն այն դեպքում, եթե ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում երկու կուսակցությունների թեկնածուներից ոչ մեկը չհավաքի ձայների 50 տոկոսը: Պուերտո Ռիկոյի բնակիչներն իրավունք չունեն մասնակցելու ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում:
Հանրապետական կուսակցության նախընտրական պայքարն այժմ տեղափոխվելու է Իլինոյս նահանգ, որտեղ նախնական ընտրություններ կանցկացվեն երեքշաբթի, իսկ Լուիզիանա նահանգում՝ շաբաթ օրը: