Միթ Ռոմին Իլինոյս նահանգում երեքշաբթի օրը կայացած նախնական ընտրություններում համոզիչ հաղթանակ է գրանցել՝ հավաքելով ընտրողների ձայների մոտ 55 տոկոսը:
Ռոմնիի ամենամոտ մրցակից Ռիք Սանտորումին վստահություն է հայտնել նահանգի ընտրողների 29, Ռոն Փոլը՝ 9, իսկ Նյութ Գինգրիչը՝ ընտրողների 7 տոկոսը:
Այս հաղթանակը թույլ է տալիս Ռոմնիին ստանալ 54 պատվիրակների ձայների գերակշռող մեծամասնությունը, ինչը մեծ թափ է հաղորդելու նախընտրական իր պայքարին:
Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Ռոմնին արդեն իսկ ստացել է ավելի քան 500, իսկ Սանտորումը՝ մոտ 200 պատվիրակների ձայնը: Հանրապետական երկու այլ թեկնածու՝ Նյութ Գինգրիչն ու Ռոն Փոլը զգալիորեն հետ են մնում առաջատարներից:
Միթ Ռոմնին և Ռիք Սանտորումը երկուշաբթի օրն Իլինոյս նահանգում ընտրարշավ էին անցկացնում: Նախընտրական արշավի շրջանակներում Ռոմնին հանդիպում է անցկացրել նահանգի մայրաքաղաք Սպրինգֆիլդի ընտրողների հետ, որից հետո ուղևորվել է Չիկագո՝ ընտրողների առջև Միացյալ Նահանգների տնտեսության վերաբերյալ խոսքով հանդես գալու նպատակով, որի ընթացքում խոստացել է վերահսկողություն հաստատել պետական ծախսերի նկատմամբ:
«Ցանկանում եմ վերականգնել Ամերիկան աշխարհի ամենահզոր պետությունը դարձրած սկզբունքները, որոնցից է՝ մարդիկ չպետք է ծախսեն իրենց աշխատած գումարը գերազանցող գումար», - ընտրողների հետ հանդիպման ընթացքում ասել էր հանրապետական թեկնածու Ռոմնին:
Հիշեցնենք, որ կիրակի օրը Ռոմնին Պուերտո Ռիկոյում տարած հաղթանակի արդյունքում ստացել է 20 պատվիրակի աջակցությունը:
Միացյալ Նահանգներում նոյեմբեր ամսին կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի մրցակիցը դառնալու նպատակով հանրապետական կուսակցության թեկնածուին անհրաժեշտ է ստանալ 1444 պատվիրակի ձայնը: