Ռուսաստանի իրավապաշտպան շարժման ներկայացուցիչները վաղաժամ են համարում ԱՄՆ-ի արտգործնախարարության կողմից երկրում անցկացված ընտրություններում «ակնհայտ հաղթողի» մասին արված հայտարարությունը:
Երկրի իրավապաշտպանները կտրականապես համաձայն չեն Ռուսաստանի նախագահական ընտրությունների գնահատականի հետ: Մարտի 9-ին իրավապաշտպանները տարածել են հաղորդագրություն, որտեղ, մասնավորապես, բարձրացվել է «Ինչպե՞ս կարելի է խոսել ընտրություններում որևէ «հաղթողի» մասին` չնշվելով, որ ընտրություններն անհավասար էին և անարդար» հռետորական հարցը:
Իրավապաշտպանների կարծիքով, ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընի խոսքերը «վիրավորանք էին Ռուսաստանում արդար ընտրությունների ջատագովների համար»:
«Ժամանակն է հասկանալու, որ կան բաներ, որոնց դիվանագիտական արարողակարգից առավել են կարևոր` օրինակ, ընտրողների իրավունքները», - ասված է իրավապաշտպաններ Լյուդմիլա Ալեքսեևայի (Մոսկվայի Հելսինկյան խումբ), Վալերի Բորշովի («Սոցիալական գործընկերություն» հիմնադրամ), Սերգեյ Կովալևի և Օլեգ Օրլովի («Մեմորիալ» իրավապաշտպանական կենտրոն) և Լև Պոնոմարյովի («Հանուն մարդու իրավունքների») կողմից ստորագրված հայտարարությունում:
Հիշեցնենք, որ մարտի 7-ին արտգործնախարար Քլինթընը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Ռուսաստանում անցկացված ընտրությունների արդյունքում եղել է ակնհայտ հաղթող:
«Պատրաստ ենք աշխատել ընտրված նախագահ Պուտինի հետ իր երդմնակալության արարողության անցկացումից և նախագահի պարտականությունները ստանձնելուց հետո» - նշել է ԱՄՆ-ի արտգործնախարարը: