Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման շնորհավորել է Պուտինին՝ նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ


«ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման զանգահարել է Ռուսաստանի նորընտիր նախագահ և ներկայիս վարչապետ Վլադիմիր Պուտինին՝ շնորհավորելով նրան Ռուսաստանում վերջերս կայացած ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ»:

Այս մասին ասված է ԱՄՆ-ի Սպիտակ տան կողմից մարտի 9-ին տարածված հաղորդագրությամբ, որտեղ նշվել է նաև, որ հեռախոսային զրույցի ընթացքում նախագահ Օբաման առանձնացրել է Ռուսաստանի ներկայիս նախագահ Դմիտրի Մեդվեդևի պաշտոնավարման ընթացքում երկու պետությունների միջև հարաբերություններում գրանցված առաջընթացը, ներառյալ Աֆղանստանի շուրջ համագործակցությունը, «ՍՏԱՐՏ» պայմանագիր կնքումն ու վավերացումը, Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու Ռուսաստանին վերջերս ներկայացված հրավերը, ինչպես նաև Իրանի խնդրի շուրջ երկու պետությունների միջև ծավալված համագործակցությունը:

Ըստ հաղորդագրության, նախագահ Օբաման և Ռուսաստանի նորընտիր նախագահ Պուտինը համաձայնվել են, որ երկու պետությունների միջև հարաբերությունների վերագործարկման հաջողությունը պետք է զարգացվի գալիք մի քանի տարվա ընթացքում:

Հեռախոսային խոսակցության ընթացքում նախագահ Օբաման հույս է հայտնել, որ նորընտիր նախագահ Պուտինի հետ հանդիպումը կկայանա մոտակա ապագայում՝ մայիս ամսին Քեմփ Դեյվիդում կայանալիք «Մեծ ութնյակի» հանդիպման ընթացքում:

Երկու պետությունների ղեկավարներն, ըստ հաղորդագրության, հեռախոսային զրույցի ընթացքում նախանշել են ապագա համագործակցության ոլորտները, ներառյալ առևտրային և ներդրումային ոլորտներում հարաբերությունների ամրապնդումը, ինչպես նաև համաձայնել են շարունակել քննարկումն այն ոլորտների շուրջ, որտեղ պետությունների դիրքորոշումները տարբերվում են, ներառյալ Սիրիայի խնդիրն ու հակահրթիռային պաշտպանության ոլորտը:

«Նախագահ Օբաման և Ռուսաստանի նորընտիր նախագահ Պուտինը համաձայնվել են շարունակել միասնական դիրքորոշումներ մշակելու ուղղությամբ գործադրվող ջանքերը և վերացնել պետությունների միջև հարաբերությունների բարելավման ճանապարհին առկա խոչընդոտները», - եզրափակում է ԱՄՆ-ի Սպիտակ տան կողմից տարածված մամուլի հաղորդագրությունը:

XS
SM
MD
LG