«Ռուսաստանում նախընտրական պայքարն անցկացվել է Պուտինի օգտին հստակ «թեքումով»՝ ապահովելով նրան ձայների գերակշռող մեծամասնությունը»:
Այս հայտարարությամբ հանդես է եկել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը՝ հավելելով, որ Ռուսաստանում անցկացված նախագահական ընտրություններում իրական մրցակցություն չի եղել, քանի որ պետական ռեսուրսների չարաշահումը ապահովել է Պուտինի հաղթանակը:
ԵԱՀԿ-ի համաձայն, լրատվամիջոցներում Պուտինն ուներ հստակ առավելություն, իսկ ընտրություններին մասնակցել են սահմանափակ թվով թեկնածուներ, քանի որ գրանցման պահանջները խոչընդոտել են այլ թեկնածուների մասնակցությունը:
Կազմակերպությունը հայտնել է նաև, որ ընտրատարածքների մեկ երրորդում ընտրակեղծիքներ են գրանցվել:
Պուտինի ընդդիմախոսների համաձայն, իր վերադարձը նախագահի պաշտոնին միշտ է նախատեսվել, և իրականում Պուտինը երբեք չի հրաժարվել իշխանությունից:
Ռուսաստանի սահմանադրությունում ընդունված փոփոխությունները թույլ են տալիս երկրի նախագահին պաշտոնավարել երկու վեցամյա ժամկետի ընթացքում, ինչը նշանակում է, որ Պուտինը կարող է մնալ Ռուսաստանի նախագահի պաշտոնում մինչև 2024 թվականը: Այս հնարավորությունն մտահոգություն է առաջացնում Ռուսաստանի բնակչության մի զգալի մասի մոտ:
Խորհրդային Միության վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովը, Ռուսաստանի «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հարցականի տակ է դրել ընտրությունների արդյունքները՝ ասելով, որ դրանք չեն արտացոլում Ռուսատանի քաղաքացիների իրական կամքը: Գորբաչովի համաձայն, ծառացել է արդար ընտրություններ ապահովելու նպատակով երկրի ընտրական համակարգում փոփոխությունների իրականացման, ինչպես նաև մարզպետների ուղիղ ընտրությունների վերականգնման անհրաժեշտությունը: