Մատչելի հղումներ

Ռուսաստանի ոստիկանությունը ձերբակալել է հակապուտինյան ցուցարարներին


Ռուսաստանի ոստիկանությունը ձերբակալել է վարչապետ Վլադիմիր Պուտինի հաղթանակը բողոքարկող հանրահավաքների հարյուրավոր մասնակիցների, ներառյալ ընդդիմության առաջնորդ Ալեկսեյ Նավալնիին:

Երկրի մայրաքաղաք Մոսկվայի Պուշկինի հրապարակում անցկացված հանրահավաքին մասնակցել է ավելի քան 20 հազար մարդ, որոնցից շատերը վանկարկել են «Ռուսաստանն առանց Պուտինի» և «Իշխանությունը միլիոններին, ոչ թե ոստիկանությանը» կարգախոսներ:

Հանրահավաքն արագ ցրվել է՝ ոստիկանության կողմից իրականացված գործողությունների արդյունքում:

Ընդդիմության առաջնորդ Նավալնին, որը «Twitter»-ով հրապարակել է «Բարև՛ բոլորին ոստիկանության մեքենայից» հաղորդագրությունը, ավելի ուշ ազատ է արձակվել:

Նավալին խոստացել է շարունակել բողոքի ակցիաները՝ ասելով. «Այն, ինչ տեղի է ունեցել այսօր, [ընդդիմության առաջնորդ Սերգեյ] Ուդալցովի նախաձեռնությունն է, որը փորձել է վրանային ճամբար հիմնադրել ՝ այսպիսով ապացուցելով, որ հարյուրավոր մարդիկ պատրաստ են գնալ մինչև վերջ: Մենք շարունակելու ենք բողոքի զանգվածային ցույցերը, և հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ դուրս կգան Մոսկվայի և այլ քաղաքի փողոցներ և կհրաժարվեն հեռանալ: Մենք իսկապես պատրաստ ենք այս եղանակով գործելու, և մենք շարունակելու ենք այս գործողություններն այնքան ժամանակ, մինչև չհաղթենք և չհասնենք մեր նպատակին»:

Այս ընթացքում Կրեմլի մոտակայքում հանրահավաքներ են անցկացրել Պուտինի կողմնակիցները, որոնք վանկարկել են Պուտինի սատարող կարգախոսներ:

Ռուսաստանի երկրորդ քաղաք Սանկտ Պետերբուրգում ոստիկանությունը ցրել է ընդդիմության չարտոնված ցույց՝ կալանավորելով ավելի քան 100 ցուցարար:

Ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, Պուտինը ստացել է ընտրողների ձայների 64 տոկոսը: Ռուսաստանի վարչապետի ամենամոտ մրցակից, Կոմունիստական կուսակցության ղեկավար Գենադի Զյուգանովի համար իրենց քվեն է տվել ընտրողների 17 տոկոսը, իսկ մնացած երեք թեկնածուները գրանցել են ձայների տասը տոկոսը չգերազանցող արդյունք:

Աշխարհի պետությունների և կազմակերպությունների ղեկավարները որոշ վերապահումներով են ճանաչել Պուտինի հաղթանակը: Այսպես, Եվրոպական Միության արտաքին և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը հորդորել է Ռուսաստանի ղեկավարներին «շտկել միջազգային դիտորդների կողմից հայտնաբերված թերությունները»:

ԱՄՆ-ի արտգործնախարարությունը երկուշաբթի օրը շնորհավորել է Ռուսաստանի ժողովրդին նախագահական ընտրություններն անցկացնելու կապակցությամբ՝ հավելելով, որ ակնկալում է աշխատել ընտրված նախագահի հետ ընտրությունների արդյունքների հավաստիացման և երդմնակալության արարողության անցկացումից հետո: Արտգործնախարարության կողմից տարածված հաղորդագրությունը սակայն հորդորել է Մոսկվային «անցկացնել գրանցված բոլոր ընտրակեղծիքների անկախ և վստահելի հետաքննություն»:

Հիշեցնենք, որ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Ռուսաստանում նախընտրական պայքարն անցկացվել է Պուտինի օգտին հստակ «թեքումով»՝ ապահովելով նրան ձայների գերակշռող մեծամասնությունը: Հայտարարությունում նշվել է նաև, որ նախագահական ընտրություններում իրական մրցակցություն չի եղել, քանի որ պետական ռեսուրսների չարաշահումը ապահովել է Պուտինի հաղթանակը:

ԵԱՀԿ-ի համաձայն, լրատվամիջոցներում Պուտինն ուներ հստակ առավելություն, իսկ ընտրություններին մասնակցել են սահմանափակ թվով թեկնածուներ, քանի որ գրանցման պահանջները խոչընդոտել են այլ թեկնածուների մասնակցությունը: Կազմակերպությունը հայտնել է նաև, որ ընտրատարածքների մեկ երրորդում ընտրակեղծիքներ են գրանցվել:

Նախկին Խորհրդային Միության վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովը, Ռուսաստանի «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հարցականի տակ է դրել ընտրությունների արդյունքները՝ ասելով, որ դրանք չեն արտացոլում Ռուսատանի քաղաքացիների իրական կամքը: Գորբաչովն ասել է, թե ծառացել է արդար ընտրություններ ապահովելու նպատակով երկրի ընտրական համակարգում փոփոխությունների իրականացման, ինչպես նաև մարզպետների ուղիղ ընտրությունների վերականգնման անհրաժեշտությունը:

XS
SM
MD
LG