Ելույթ ունենալով չորեքշաբթի երեկոյան Վաշինգտոնի ժամանակով ժամը 20-ին՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Oբաման ներկայացրեց Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման իր ծրագիրը: Նա հիշեցրեց Աֆղանստանում և Իրաքում Թալիբան մահմեդական շարժման և Ալ Քաիդայի դեմ պայքարի պատմությունը և հայտարարեց, որ Աֆղանստանից հաջորդ ամսվանից կսկսվեն դուրս բերվել ամերիկյան ուժերը՝ Աֆղանստանի անվտանգության ապահովման պարտականությունը հանձնելով այս երկրի անվտանգության ուժերին։
Մինչև այս տարեվերջ դուրս կբերվեն 10 հազար, իսկ մինչև հաջորդ տարվա սեպտեմբեր ամիսը՝ ամերիկյան 33 հազար թվակազմով զորքեր, ինչը, նախագահի խոսքերով, ազդարարում է այն պատերազմի ավարտի սկզբնական փուլը, որը սկսվել էր 2001 թվականի սեպտեմբերյան ահաբեկչական հարձակումներից հետո։ Մինչև եկող ամառ հետ կքաշվեն 2009 թվականին որպես համալրում այստեղ բերված զորքերից 20 հազարը, ինչը կազմում է ներկայումս այս երկրում տեղակայված ամերիկյան ուժերի մեկ երրորդը։
«Անցած մեկ տասնամյակի ընթացքում մենք Իրաքում և Աֆղանստանում ծախսել ենք մեկ տրիլիոն դոլար այն ժամանակ, երբ մեր իսկ տնտեսությունը գտնվում էր դժվարությունների փուլում։ Այժմ եկել է ժամանակը, որ այդ գումարները ծախսվեն Ամերիկայի ժողովրդի համար», – հայտարարեց Բարաք 0բաման։
Նրա խոսքերով, այս պատերազմները կավարտվեն և «ԱՄՆ-ը ավելի խելացի պիտի գտնվի հետագա հակամարտությունների հարցում։ Երբ սպառնան, կպատասխանենք ուժով, սակայն եթե այդ ուժը կարելի է առնել թիրախի տակ, չպետք է մեծաթիվ զորքեր տեղակայենք երկրագնդի հակառակ կողմում», – ասաց նախագահը՝ հիշելով ամերիկյան բանակի «4 500 զոհերին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին Իրաքում, և 1 500 զոհերին, ովքեր ընկան Աֆղանստանում»։
Oբամայի համար Աֆղանստանում ԱՄՆ-ը պիտի ունենա մեկ նպատակ, այն է, որ այստեղ ալ Քաիդան կամ նրան հարող մյուս խմբերը չունենան Ամերիկայի դեմ հարված իրականացնելու հնարավորություն։
Oբամայի խոսքերով, նախագահի պարտականությունները ստանձնելուց հետո ինքն ունեցել է Աֆղանստանում նոր ռազմավարություն մշակելու նպատակ, քանի որ, ասաց նա, ԱՄՆ-ի ժողովուրդը հոգնել էր պատերազմներից։