Նորվեգացի ահաբեկիչն իրեն մեղավոր չի ճանաչել

Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բեհրինգ Բրեյվիկն ընդունել է անցյալ տարվա հուլիս ամսին 77 մարդու սպանությունն իրականացնելու փաստը, սակայն իրեն մեղավոր չի ճանաչել՝ ասելով, թե իր գործողությունները պայմանավորված են եղել ինքնապաշտպանության անհրաժեշտությամբ:

Բրեյվիկը երկուշաբթի օրը դատարանում ընդունել է անցյալ տարվա հուլիսի 22-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում պայթուցիկով բեռնված մեքենայի միջոցով պայթյունի, ինչպես նաև մայրաքաղաքից դուրս գտնվող Ուտոյա կղզում կազմակերպված երիտասարդական ճամբարում սպանդի իրականացման հանգամանքը:

Ահաբեկիչը, դիմելով դատարանին, ասել է, թե «ընդունում է կատարվածի փաստը, բայց ոչ իր քրեական պատասխանատվությունը»:

Բրեյվիկի կողմից արված հայտարարությունից առաջ մեղադրող Ինգա Բեյեր Ենգը ընթերցել է մեղադրականը, որտեղ ներառված են «ահաբեկչական հարձակման իրականացումը», ինչպես նաև յուրաքանչուր զոհի անունն ու մահվան հանգամանքները:

Բրեյվիկը դատարանում ասել է, թե պաշտպանել է Նորվեգիան օտար մշակույթներից և մահմեդականների կողմից զավթված լինելուց: Ահաբեկիչը պնդել է, թե իր գործողություններն ուղղված են եղել Օսլոյում կառավարական աշխատողների և ձախակողմյան քաղաքական ուժերի դեմ, որոնց նա մեղադրել է Նորվեգիա ներգաղթի իրականացումը թույլատրելու մեջ:

Նորվեգացի ահաբեկչի գործողություններից տուժածներն ու զոհվածների ընտանիքները մտահոգված են, որ Բրեյվիկն օգտագործելու է դատավարությունը՝ ծայրահեղականության գաղափարախոսությունն առաջ քաշելու նպատակով, քանի որ անցյալ տարի իրականացված հարձակումներից առաջ առցանց հրապարակված հայտարարությունում նա գրել է, թե «հայրենասիրական դիմադրության մարտիկները պետք է օգտագործեն դատավարությունները՝ իրենց գաղափարները առաջ քաշելու նպատակով»:

Նորվեգիայի հեռուստատեսությանը չի թույլատրվելու ամբողջությամբ ցուցադրել Բրեյվիկի վկայությունը, որի ներկայացման համար վերջինիս պահանջվելու է հինգ օր: