Մատչելի հղումներ

Նորվեգացի ահաբեկիչը պնդում է, թե մեղսունակ է


Նորվեգիայում անցյալ տարի 77 մարդու սպանությունն իրականացրած ահաբեկիչը Օսլոյում անցկացվող դատավարության ընթացքում հայտնել է դատարանին, թե ինքը խելագառ չէ:

Անդերս Բեհրինգ Բրեյվիկը չորեքշաբթի օրն ասել է, թե դատարանի կողմից նշանակված բժիշկների կողմից իրեն անմեղսունակ ճանաչող հաշվետվությունը «կեղծիք է»:

Բրեյվիկը նախկինում ասել է, թե իրեն «անմեղսունակ ճանաչելը մահից էլ վատ է»:

Նորվեգացի ահաբեկիչն անցյալ շաբաթ սառնասրտորեն և մանրամասն նկարագրել է, թե ինչպես էր անցյալ տարվա հուլիս ամսին իրականացրել Օսլոյի մոտակայքում գտնվող երիտասարդական ճամբարում 69 մարդու սպանդը:

Նա հայտնել է դատարանին, որ Ութոյա կղզի ժամանելուց հետո չէր նախատեսում իրականացնել հնարավորինս մեծ թվով մարդկանց սպանդի ծրագրերը, սակայն հետագայում սպանությունների իրականացումը «դարձել էր ավելի հեշտ՝ առաջին մարդուն գլխին ուղղված կրակոցով սպանելուց հետո»:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ մեկնարկած դատավարության ընթացքում Բրեյվիկը հայտնել էր դատարանին, թե «իրականացրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակից Եվրոպայում ամենաբարդ և տեսարժան քաղաքական հարձակումը»:

Բրեյվիկը նաև հույս էր հայտնել, որ մեղադրող կողմը «ավելի քիչ կկենտրոնանա» իրեն ծաղրելու վրա` փոխարենն ավելի մեծ ուշադրություն դարձնելով դատաքննության առարկայի վրա:

Նորվեգացի ահաբեկիչը դատական նիստի ընթացքում իր կողմից իրականացվող սպանդը որպես «կանխարգելիչ» էր նկարագրել` ասելով, որ այն իրականացվել է քաղաքացիական պատերազմի կանխարգելման համար, և որ ինքը կրկին կիրականացներ սպանությունները: Նա ասել է նաև, որ իր կողմից կատարված հարձակման միջոցով պաշտպանել է Նորվեգիան:

Նորվեգիայում մահապատիժն արգելված է, սակայն մեղավոր ճանաչվելու դեպքում Բրեյվիկը կարող է դատապարտվի ցմահ բանտարկության կամ կյանքը հոգեբուժարանում ցմահ անցկացնելուն:

XS
SM
MD
LG